18 հունիսի 2026 - 17:45 AMT
Զախարովա․ ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիում հուշահամալիրի պղծման դեպքով

Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղել՝ կապված Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրի պղծման դեպքի հետ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս սրբապիղծ ակցիան պարզապես խուլիգանություն չէ, այլ մեր երկրների համար ընդհանուր պատմական հիշողության դեմ նպատակաուղղված հարձակում և Մեծ հաղթանակը պղծելու փորձ։ Իհարկե, մենք բողոքի նոտա ենք հղել հայկական կողմին», - ասել է դիվանագետը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Զախարովայի՝ 102-րդ ռազմակայանի զինծառայողներն անհապաղ ձեռնամուխ են եղել հասցված վնասի վերականգնմանը:

«Տեսել ենք ՀՀ իրավասու մարմինների հաղորդագրությունները կասկածյալի ձերբակալման մասին, դա հիանալի է: Հուսով ենք, որ արդարությունը կհաղթանակի և հակաիրավական գործողությունները պատշաճ կպտաժվեն․․․Տարակուսելի է այն փաստը, որ ՀՀ պաշտոնական իշխանությունները հուշարձանի պղծումը վճռականորեն դատապարտելու կան գոնե հստակ դիրքորոշում հայտնելու փոխարեն, նախընտրեցին լռել»,-ասել է նա:

Զախարովան հավելել է, որ «սանձարձակ հակառուսական արշավը, որով ուղեկցվում էին խորհրդարանական ընտրությունները, հող են ստեղծել նման բարբարոսական արարքների համար»:

Հունիսի 11-ին Գյումրիի Ղարսի խճուղիում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Հունիսի 14-ին ստացվել էին հավաստի տեղեկություններ, որ հունիսի 9-ին հուշարձանների տառերը պոկել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ 41-ամյա տղամարդը։ Նույն օրը՝ ժամը 08։40-ին, նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչություն, որտեղ խոստովանել է կատարածը։