19 հունիսի 2026 - 11:12 AMT
Զատուլին․ ՌԴ-ն պետք է հայտարարի, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակի աշխատել ՀՀ հետ

Մոսկվան պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրի ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների հարցում, հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Ըստ նրա՝ Մոսկվան պետք է հայտարարի, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակի աշխատել ՀՀ հետ, գրում է MK.ru-ն:

«Իմ կարծիքով, սկզբունքային դիրքորոշումը պետք է կայանա նրանում, որ մենք ոչ մի դեպքում չենք կարող անցած ընտրությունները համարել ժողովրդավարական և ընդհանուր ընդունված չափանիշներին համապատասխանող։ Չենք կարող, քանի որ հավասար ընտրական պայքարի պայմանները չեն պահպանվել․․․Իմ կարծիքով, պետք է նման դիրքորոշում զբաղեցնել՝ մենք հայտարարում ենք, որ այս ընտրությունների արդյունքները չենք ընդունում որպես ազնիվ և օբյեկտիվ, սակայն, քանի որ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ ենք և ավանդաբար զարգացնում ենք կապերը, շարունակելու ենք համագործակցել՝ ելնելով այն հանգամանքից, որ այսօր երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք իշխանության մեջ են մնացել ոչ ազնիվ և ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում։

Մենք գիտենք, որ այս պահին Հայաստանում այլ իշխանություն չկա։ Այդ պատճառով դե ֆակտո շարունակում ենք կապեր պահպանել նրանց հետ։ Փակագծերում եմ թողնում այն հարցը, թե դրանք կշարունակվեն դեսպանների մակարդակով, թե դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի մակարդակով։ Այսպիսով, մենք կարձանագրենք մեր դիրքորոշումը․ դե ֆակտո ընդունում ենք տեղի ունեցողը, սակայն որևէ կերպ չենք կարող այն ընդունել դե յուրե»,-ասել է նա:

Անդրադառնալով հայկական ապրանքների ՌԴ ներկրման սահմանափակումներին՝ Զատուլինն ասել է, որ, եթե Մոսկվան չի ցանկանում սահմանափակումների վերացմամբ ընդունել, որ դրանք օգտագործել ենք բացառապես որպես գործիք ընտրական պայքարի ընթացքում, ապա դրանք պետք է պահպանվեն։

«Կարծում եմ՝ այն պատճառները, որոնց հիման վրա սահմանվել են այդ սահմանափակումները, շարունակում են գոյություն ունենալ։ Եթե դրանք վերանան, ապա իրավիճակը այլ կլինի։ Սակայն դա որևէ կերպ կապված չէ ընտրությունների հետ:

Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները շարունակում են շարժվել դեպի Եվրոպական միություն՝ հրաժարվելով այդ մասին հարցնել ժողովրդին, ապա դա մեզ չի բավարարում։ Հետևաբար, եթե այդ գործընթացը շարունակվի, մենք, կարծում եմ, պետք է նախաձեռնենք ԵԱՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հարցը՝ որպես իր դաշնակցային պարտավորությունները չկատարող պետության»,-նշել է նա:

Զատուլինն անդրադարձել է նաև գազի գնի հարցին, որն, ըստ նրա, պետք է լուծվի բանակցային ձևաչափով։

«Քանի որ Հայաստանի իշխանությունները որևէ կասկած չեն թողել իրենց մտադրությունների վերաբերյալ և ընդունել են Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու մասին օրենք, ապա մենք նույնպես պետք է գազի գների հարցը լուծենք՝ հաշվի առնելով այդ ընտրությունը: Օրինակ, կարող ենք սահմանել գործող գների պահպանման որոշակի ժամկետ, իսկ հետո անցնել այն գներին, որոնք կիրառվում են ԵՄ երկրների համար»,-ասել է նա:

Նա խոսել է նաև ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցության մասին՝ նշելով, որ պետք է մանրակրկիտ վերլուծել Եվրոպական միության այդ միջոցառումները։

«Եթե դրանք խախտեն միասնական մաքսային տարածքը, ապա դա ևս մեկ պատճառ կլինի, որպեսզի մենք սահմանենք որոշակի սահմանափակումներ: Ինչ վերաբերում է այդ հայտարարություններին, ես դրանց մեծ վերապահումով կվերաբերվեի։ Եվրոպական միությունն ի վիճակի չէ փոխհատուցել Հայաստանի հրաժարումը եվրասիական շուկայից և Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Այն կարող է ցուցադրաբար որոշակի գումարի չափով ծաղիկներ գնել։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում իր մշտական պարտականությունը դարձնել Հայաստանի տնտեսության կորուստների փոխհատուցումը Ռուսաստանի հետ կապերի խզման հետևանքով՝ Եվրոպական միությունը չի կարող»,-ասել է Պետդումայի պատգամավորը:

Նա հավելել է, որ եթե Փաշինյանը բարձրացնի ուսական ռազմաբազայի հարցը, ապա այն պետք է քննարկենլ։

«Ասեք խնդրեմ՝ ի՞նչ իմաստ ունի մեզ համար այդ ռազմաբազայից պաշտպանել Փաշինյանին։ Կարծում եմ՝ ռազմաբազայի հարցում որևէ դեպքում չպետք է շտապել։ Սակայն սա ևս այն հարցերից մեկն է, որի շուրջ, իմ կարծիքով, պետք է մտածեն Հայաստանում ապրող մարդիկ, որոնք թեկուզ փոքր-ինչ պատկերացնում են, թե որտեղ է գտնվում իրենց երկիրը և ով է այն պաշտպանում:

«Անկասկած։ Այդ ռազմաբազան մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Սակայն եթե Հայաստանը շարունակի զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Արևմուտքի հետ, ապա բնականաբար առաջանում է համապատասխան հարցը։ Մենք ինքներս այդ հարցը չենք բարձրացնելու։ Եթե Փաշինյանը ցանկանա այն բարձրացնել, կտեսնենք։ Կարձագանքենք դրան։ Կարծում եմ՝ հեռանկարում նա, անկախ մեր ներկա գործողություններից, կցանկանա բարձրացնել այդ հարցը»,-ասել է Զատուլինը:

Նա նաև ասել է, թե չպետք է ընդառաջ գնալ Փաշինյանին՝ նրան հրավիրելով Մոսկվա:

«Ես չգիտեմ, թե ինչ ձևով ենք կառուցելու այդ գիծը։ Կարծում եմ՝ շփումների մակարդակը կնվազի։ Եվ, ամեն դեպքում, չպետք է ընդառաջ գնալ Փաշինյանին՝ նրան հրավիրելով Մոսկվա։ Նա արդեն ամենուր հայտարարել է, որ իր առաջին այցը կկատարի Ռուսաստան։ Հասկանալի է, որ այդ այցը նրան անհրաժեշտ է միայն քողարկման նպատակով»,-ասել է Զատուլինը:

Եվրահանձնաժողովը նախատեսել է նվազեցնել մաքսատուրքերը հայկական ապրանքների գրեթե 20 խմբերի համար, որոնց տարեկան ծավալը կազմում է մոտ 420 միլիոն եվրո և որոնց ներմուծումը Ռուսաստան արգելված է, գրել է Financial Times-ը։

«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ այդ սահմանափակումները պայմանավորված են արտադրողների կողմից որակի վերահսկման արդյունավետ համակարգերի բացակայությամբ, այլ ոչ թե քաղաքական պատճառներով։