19 հունիսի 2026 - 11:41 AMT
Կհստակեցվի ֆուտոբլիստների տարկետման կարգը՝ այն կփոխկապակցվի հավաքականի անդամ լինելու կարգավիճակի հետ

Գործադիրը որոշում է ընդունել, որով նախատեսվում է հստակեցնել ֆուտբոլիստների զինծառայության տարկետման գործընթացը՝ տարկետման ժամկետը պետք է փոխկապակցվի հավաքականի անդամ լինելու կարգավիճակի հետ:

Գործող կարգավորումով նախատեսված է, որ ֆուտբոլի յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 30 մարզիկ կարող է տարկետում ունենալ:

Սակայն, կապված ֆուտբոլիստների մարզական կարիերայի աճի առանձնահատկություններով, առկա կարգավորումները չեն նպաստում երիտասարդ ֆուտբոլիստների բնականոն զարգացվածությունը ապահովելուն, քանի որ երիտասարդական հավաքականում ավելի մեծ թվով մարզիկներ ընդգրկելու անհրաժեշտություն է առաջանում, որոնց մարզումային պրոցեսի անընդհատությունը ապահովելու միջոցով է միայն հնարավոր նրանցից որոշներին ազգային հավաքական կազմում ընդգրկելը:

Մասնավորապես, վերջին տարիներին պատանեկան և երիտասարդական հավաքականներում տարկետում ստացած մարզիկների թիվը կազմել է 30, մինչդեռ ազգային հավաքականում 2025 և 2026 թվականներին այդ ցուցանիշը եղել է 8-10 մարզիկ։ Այսպիսով, գործող կարգով հավաքականների բաժանումը պատանեկան, երիտասարդական և մեծահասակների խմբերի և դրանց համար առանձին թվաքանակով տարկետումների նախատեսումը չի նպաստել սկզբնապես սահմանված նպատակի իրականացմանը, քանի որ բավարար չափով հաշվի չեն առնվել ֆուտբոլի առանձնահատկությունները։

Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի պատանեկան ու երիտասարդական ազգային հավաքականների մարզիկներին տարկետում տրամադրվել է մինչև երկու տարի ժամկետով, սակայն նրանք երիտասարդական հավաքականի անդամ են համարվել մինչև 21 տարին լրանալը, և տարկետման ժամկետը պետք է փոխկապակցված լինի հավաքականի անդամի կարգավիճակի հետ։

Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն կատարելագործել ֆուտբոլիստներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը, այն դարձնել առավել արդյունավետ և հստակ՝ հաշվի առնելով ֆուտբոլ մարզաձևի առանձնահատկությունները։ Նախատեսվում է, որ դա կնպաստի մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը։

Արդյունքում հնարավորություն կստեղծվի ազգային հավաքականների կազմերում ընդգրկել առավել մեծ թվով լավագույն մարզիկների։