19 հունիսի 2026 - 12:07 AMT
Ղազարյան․ ՄԻԵԴ վճիռը հաստատում է՝ Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ

ՄԻԵԴ դատարանի որոշումն Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների կողմից գլխատված հայ զինվոր Հ.Թ.-ի գործով որոշումը 2-րդ վճիռն է ընդդեմ Ադրբեջանի, որը վերաբերում է Ադրբեջանի զինծառայողների կողմից պատերազմական հանցագործություններ կատարելուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դիմումատուներից միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:

Նա նշել է, որ ՄԻԵԴ վճիռը հաստատում է, որ Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ՝ հավելելով, որ առջևում 22 նոր վճիռներ են՝ նույնանման դաժան փաստերով:

«Նման գործերը սովորաբար դժվարությամբ են հաղթահարում Եվրոպական դատարանի ընդունելիության փուլը, քանի որ ՄԻԵԴ-ը հաճախ զինված հակամարտության (պատերազմի) ակտիվ փուլում տեղի ունեցած խախտումները տեսնում է բացառապես հումանիտար իրավունքի դաշտում։ Սակայն ՄԻԵԴ-ն արդեն երկրորդ անգամ հրաժարվեց դա անել։ Գուցե պատճառը ապացույցներն էին, որոնք իրավաբաններին հաջողվել էր մանրամասնորեն հավաքել, ամրագրել ու բավարար համակցությամբ ներկայացնել դատարանին, իսկ գուցե պատճառը հանցավոր արարքների առանձնակի դաժանությունն էր։

Հանցավոր արարքները տեղի էին ունեցել Արցախի Թալիշ գյուղի հյուսիս-արևելյան վերջնամասում, որտեղ ադրբեջանցիների դիվերսիոն խումբը, շրջանցելով Թալիշի դիրքերը, առավոտյան դարանակալել էր դեպի դիրքեր զինամթերք տանող բեռնատարը։ Ամենայն հավանականությամբ դա նույն դիվերսիոն խումբն էր, որը մի քանի ժամ առաջ կատարել էր մեկ այլ ահասարսուռ հանցագործություն, սպանելով երեք տարեց անձանց, որոնց խոշտանգված մարմինների լուսանկարները «Հետքի» հետաքննող լրագրողները որոշեցին տարածել աշխարհով մեկ, ու այդ լուսանկարները փոխեցին պատերազմի դեմքը՝ աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ հասկացած, որ Ադրբեջանը վարում էր հանցավոր պատերազմ, որը բնավ ինքնապաշտպանություն չէր՝ ինչպես ներկայացվում էր այդ օրերին, ինչպես նաև 2020 ու 2023 թվականներին։

Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա։ Միջազգային տրիբունալի ցանկացած դատական ակտ պատմական փաստ է, ու նման փաստերն այլևս հնարավոր չէ հերքել՝ խոսույթներով, կեղծ պատմույթներով, կեղծ օրակարգերով։ Ադրբեջանը նման միջազգային դատական ակտերին կարող է հակադրել միայն մեկ բան՝ իր դատարանների դատական ակտերը։ Սակայն դրանք նախ պետք է բավարարեն արդար դատական քննության չափանիշները։ Առայժմ դա չի հաջողվել անել։

Առջևում 22 նոր վճիռներ են՝ նույնանման դաժան փաստերով։ Ի՞նչ կհակադրի դրանց Ադրբեջանը»,- գրել է Արա Ղազարյանը։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինծառայողների կողմից գլխատված հայ զինվոր Հ.Թ.-ի և այլք ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը։ Պատասխանող պետությունը՝ Ադրբեջանը, պետք է հատուցում վճարի 3 ամսվա ընթացքում՝ ընդհանուր առմամաբ մոտ 90,000 եվրո:

Դատարանը խախտում է ճանաչել և կյանքի իրավունքի առումով՝ գտնելով, որ ադրբեջանցիները սպանել են վիրավոր հայ զինծառայողի, ով այդ պահին արդեն շարքից դուրս էր, և՛ գլխատման ու տանջամահ լինելու մասին իմացած ընտանիքի ապրումները, ինչպես նաև այդ պատճառով պատշաճ հուղարկավորություն անելու անհնարինությունը համարել է նվաստացող վերաբերմունք։