
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ավարտվել են ջրամեկուսացման աշխատանքները, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ ջրամեկուսացումը կարևոր քայլ է թունելի հետագա շահագործման համար՝ ապահովելով կառույցի երկարակեցությունն ու անվտանգությունը։
32 կմ ընդհանուր երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածի կազմում ընդգրկված 455-մետրանոց թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ՝ բետոնացման աշխատանքների, որոնք ներկայումս իրականացվում են ինտենսիվ ընթացքով։
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկն է, որի ավարտը նպաստելու է տրանսպորտային հոսքերի արդյունավետության բարձրացմանը, ճանապարհորդության տևողության կրճատմանը և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։
Շինարարական աշխատանքները շարունակվում են՝ որակի և անվտանգության բարձր չափանիշների պահպանմամբ։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։