19 հունիսի 2026 - 14:15 AMT
«Նոա»․ Հայկական ֆուտբոլին անհրաժեշտ է ոչ թե ձևական փոփոխություն, այլ համակարգային առողջացում

«Նոա» ֆուտբոլային ակումբը ողջունել է Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը՝ նշելով, որ կուտակված խնդիրները չեն սահմանափակվում մեկ առանձին դեպքով կամ մեկ մրցաշրջանով։

Ըստ ակումբի՝ հայկական ֆուտբոլին անհրաժեշտ է ոչ թե ձևական փոփոխություն, այլ համակարգային առողջացում:

«Ծնդիրները համակարգային բնույթ ունեն՝ սկսած մրցավարության նկատմամբ վստահության լուրջ անկումից, մինչև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ձախողումներ, ակումբների հետ հարաբերություններում ստեղծված լարվածություն և ֆուտբոլային կառավարման ընդհանուր անարդյունավետություն։

Հատկապես ցավալի և մտահոգիչ էր տեսնել Հայաստանի ազգային հավաքականի վերջին խաղերին կիսադատարկ տրիբունաները։ Ազգային հավաքականը պետք է լինի համախմբող ուժ, բայց այն փաստը, որ նույնիսկ հավաքականի խաղերի նկատմամբ հանրային հետաքրքրությունն այս աստիճան նվազել է, խոսում է ֆուտբոլային ինստիտուտի նկատմամբ ցածր վարկանիշից։

Մենք կարծում ենք, որ հայկական ֆուտբոլը պետք է դուրս գա տարիներ շարունակ ձևավորված փակ, անարդյունավետ և անվստահություն առաջացնող միջավայրից։ Անհրաժեշտ են առողջացման իրական գործընթացներ, թափանցիկ կառավարում, մրցավարական համակարգի բարելավում, մանկապատանեկան ֆուտբոլի նկատմամբ նոր մոտեցում և ակումբների հետ առողջ ու կառուցողական հարաբերությունների ձևավորում։ Երեկ տեղի ունեցավ դրան նպաստող առաջին քայլը:

Լինելով հայկական ֆուտբոլում ամենամեծ ներդրումային ծրագիր իրականացնող ակումբը և Հայաստանի խոշորագույն սպորտային հարկատուն՝ «Նոան» շահագրգռված է ոչ միայն սեփական ակումբի հաջողություններով, այլև հայկական ֆուտբոլի ընդհանուր զարգացմամբ։

Այսօրվա իրադարձությունը կարող է դառնալ կարևոր սկիզբ, սակայն միայն այն դեպքում, եթե գործընթացը լինի շարունակական և հետևողական։ Հայկական ֆուտբոլին անհրաժեշտ է ոչ թե ձևական փոփոխություն, այլ համակարգային առողջացում»,- ասվում է հայտարարության մեջ:

«Առաջին հայկական ճակատ» (First Armenian Front` FAF) ֆան շարժումը ՀՖՖ փոխնախագահի հրաժարականի առնչությամբ հայտարարել է, որ ՀՖՖ ամբողջ ղեկավար կազմը պետք է հեռանա։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել: Նա մասնակցելու է Աշխարհի Մ-20 տարեկանների առաջնության կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին: