
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին տրամադրել է 34 միլիոն եվրո՝ Ռուսաստանի կողմից կիրառված առևտրային սահմանափակումների ազդեցությունը մասնավոր հատվածի վրա նվազեցնելու նպատակով։ Այդ մասին ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ:
Նշվում է, որ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն անցել է իր ստանձնած պարտավորությունների գործնական իրականացմանը՝ ի աջակցություն Հայաստանի և նրա քաղաքացիների։
Այս ֆինանսական հատկացումը դարձել է նախագահ ֆոն դեր Լայենի հայտարարած լայնածավալ աջակցության փաթեթի առաջին մասը, որը ներառում է առևտրի դյուրացման և համերաշխությանն ուղղված միջոցառումներ՝ Հայաստանի տնտեսական կայունությունն ու դիմակայունությունն ամրապնդելու նպատակով։
Մայիսին անցկացված ԵՄ-Հայաստան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ԵՄ-ն և Հայաստանը կշարունակեն սերտ համագործակցությունը՝ զարգացնելով գործարար կապերը և ընդլայնելով հայկական արտադրողների մուտքը տարբեր շուկաներ։ Առևտրային սահմանափակումներից տուժած ոլորտները, այդ թվում՝ ագրոպարենային արտադրությունը, ծաղկաբուծությունը և արտահանման վրա հիմնված այլ ճյուղերը, ստանալու են հավելյալ աջակցություն՝ առևտրի խթանման ծրագրերի, գործարար կապերի ձևավորման նախաձեռնությունների և շուկաների հասանելիության մեծացմանն ուղղված նպատակային միջոցառումների միջոցով։
ԵՄ-Հայաստան տնտեսական դիմակայունության հարցերով հատուկ խումբը շարունակել է պարբերական հանդիպումները՝ ապահովելու այս միջոցառումների իրականացման համակարգումն ու մշտադիտարկումը։
ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը նշել է.«Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկրի կողքին։ Մենք տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև օգնում ենք Հայաստանին ավելի հեշտացնել առևտուրն իր հարևանների և Եվրոպայի հետ։ Սա մեր ամենամոտ գործընկերներից մեկի նկատմամբ եվրոպական համերաշխության գործնական դրսևորումն է»։
Հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ Հայաստանի հետ համագործակցության շրջանակում հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու նպատակով։