19 հունիսի 2026 - 16:54 AMT
Ղազարյանը` Ադրբեջանից հնչող խոսույթի մասին․ Մենք գնում ենք խաղաղության օրակարգի ճանապարհով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, անդրադառնալով Ադրբեջանում կազմակերպված, այսպես կոչված, «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով համաժողովին և այնտեղ արված հայտարարություններին, նշել է, որ Հայաստանը պետք է շարունակի առաջնորդվել խաղաղության օրակարգով։

Լրագրողի դիտարկմանը, որ ադրբեջանցի պաշտոնյաները, այդ թվում՝ կառավարության անդամները, շարունակում են խոսել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի ռազմավարական նշանակության մասին, Ղազարյանը պատասխանել է, որ իշխանության համար առաջնայինը սեփական քաղաքական օրակարգն է, հայտնում է Factor.am-ը:

«Մենք ասել ենք, որ գնում ենք խաղաղության օրակարգի սպասարկման ճանապարհով և շարունակելու ենք այդ ճանապարհով գնալ։ Նման խոսույթները երկուստեք անընդունելի են»,- նշել է նա։

Ալխաս Ղազարյանը նաև անդրադարձել է ընդդիմության նախընտրական հայտարարություններին, ըստ որոնց՝ ՔՊ-ի հաղթանակից հետո Հայաստան կարող էին ժամանել հարյուր հազարավոր ադրբեջանցիներ։

«Ինչպես տեսաք, ընտրություններից օրեր անցել են, և այդ պնդումները չեն իրականացել։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ դա կեղծ թեզ էր։ Ժողովուրդն իր ընտրությունը կատարեց և ցույց տվեց, թե ինչպիսի սպասելիքներ ունի իշխանություններից»,- ասել է պատգամավորը։

Լրագրողի հարցին, թե Ադրբեջանի նախարարների հայտարարություններում վտանգավոր միտումներ չի տեսնում, Ղազարյանը պատասխանել է, որ նման հայտարարությունները չպետք է շեղեն խաղաղության գործընթացից։

«Մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք, թե մենք ինչ ենք խոսում և ինչ ճանապարհով ենք առաջ շարժվում։ Հավատարիմ ենք խաղաղության հաստատման օրակարգին և շարունակելու ենք շարժվել այդ ուղղությամբ»,- նշել է նա։

ՔՊ-ական պատգամավորը նաև ընդգծել է, որ խաղաղության գործընթացը դյուրին չի եղել և հետագայում ևս կարող են ի հայտ գալ խոչընդոտներ։

«Հեշտ չի եղել այն ճանապարհը, որով հասել ենք խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը։ Հետագա փուլում ևս խոչընդոտներ կլինեն, սակայն կարծում եմ՝ դրանք աստիճանաբար կհաղթահարվեն, և մենք առաջ կգնանք»,- ասել է Ղազարյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ շփումներին՝ պատգամավորը շեշտել է, որ իշխանությունը կողմ է երկխոսությանը և շարունակում է հետևել արդեն ընտրված ուղուն։

«Երկխոսություն կա, համաձայնություն կա, որդեգրած ճանապարհ կա, և մենք շարժվում ենք այդ ուղղությամբ՝ առանց շեղվելու»,- եզրափակել է Ալխաս Ղազարյանը։

Հունիսի 18-ին «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» (ՕԶԱ) վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին Օրդուբադում մեկնարկած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III համաժողով-փառատոնի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար»: