19 հունիսի 2026 - 17:27 AMT
Քաղաքապետի խոսնակ․ Կիևյան կամրջի վերանորոգումն անխուսափելի էր և անհետաձգելի

Կիևյան կամրջի վերանորոգումն անխուսափելի էր և անհետաձգելի, հայտարարել է Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը՝ անդրադառնալով Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքների հետևանքով առաջացած խցանումներին և մարդկանց դժգոհություններին։

«Կիևյան կամուրջի նորոգման ու ամրացման աշխատանքները արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են: Այս ժամանակահատվածը, թերևս, ամենաօպտիմալն էր՝ հաշվի առնելով արձակուրդի շրջանը:

Ի սկզբանե քաղաքապետարանն իրազեկել էր երթևեկությունը վերակազմակերպելու մասին, հրապարակել նաև փոփոխված երթուղիները, բայց, որպես կանոն, նման դեպքերում, մի որոշ շրջան է պահանջվում երթևեկությունը ժամանակավոր տրամաբանության հուն բերելու համար: Շատ վարորդների և քաղաքացիների դժգոհությունն, այո, սպասելի էր և, միանգամայն, բնական, բայց նման մասշտաբային աշխատանքների համար ավելի համար ժամանակահատված դժվար է գտնել` հաշվի առնելով, որ կամուրջի նորոգումն ու ամրացումն, իսկապես, անխուսափելի ու անհետաձգելի էր:

Փոփոխվում են դեֆորմացիոն կարերը, ապահովվում է ջրամեկուսացումը, տեղադրվում է ասֆալտբետոնի նոր ծածկ, նորոգվում են մայթերն ու բազրիքները, վերականգնվում կառուցվածքների պաշտպանիչ շերտերը: Արդյունքում մենք կունենանք ավելի հարթ, անվտանգ, հարմարավետ երթևեկություն, իսկ որ ամենակարևորն է՝ կապահովենք կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն:

Եկեք մի փոքր համբերատար լինենք, զերծ մնանք մանրախնդիր դատողականությունից ու որակումներից, անհեթեթ մեկնաբանություններից և առաջնորդվենք Երևանի ու երևանցիների տրանսպորտային անվտանգությանն ուղղված այս կարևոր հեռանկարի հանդեպ լավատեսությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Քաղաքացիները Կիևյան կամրջի նորոգման հետևանքով խցանումներից բողոքելուց բացի, ուշադրություն են հրավիրում նաև այն հանգամանքին, որ զուգահեռաբար նորոգվում են նաև այլ փողոցներ, օրինակ, Եղվարդի խճուղին, ինչը հավելյալ դժվարություններ է առաջցնում: