19 հունիսի 2026 - 17:47 AMT
Վարդևանյան. ՍԴ ենք ներկայացրել ծավալուն՝ 84 էջանոց դիմում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սահմանադրական դատարան է ներկայացրել ծավալուն՝ 84 էջանոց դիմում՝ պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, ասել է այդ ուժի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում:

«Մենք, իսկապես, գտնում ենք, որ այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր: Մենք հատկապես ընդգծում ենք երկու տարբերակ՝ կամ նշանակել 2-րդ փուլ, կամ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Դիմումը Սահմանադրական դատարանում քննվելու է բանավոր ընթացակարգով։

Վարդևանյանը հայտարարել է, որ որևէ իրավական հիմք չի տեսնում այն պնդումների համար, թե ընդդիմադիր ուժերը բաժանել են ընտրակաշառք։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կարծիքով՝ ՍԴ կազմում կան դատավորներ, որոնց մասնակցությունը տվյալ դիմումների քննությանը հնարավոր չէ համարել ընդունելի։ Թե ովքեր են այդ դատավորները, նա չի նշել, սակայն վստահեցրել է, որ ներկայացվելու է միջնորդություն՝ նրանց քննությանը չմասնակցելու վերաբերյալ։