19 հունիսի 2026 - 18:03 AMT
«Միասնության թևերն» ու ԴՕԿ-ը ևս ՍԴ-ում վիճարկում են ԱԺ ընտրությունների արդյունքները

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչը հունիսի 19-ին Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմում՝ վիճարկելով Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը, հայտնում է Սահմանադրական դատարանը։

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչը ևս հունիսի 19-ին Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմում՝ վիճարկելով Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը։

Դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշվում է դիմումի ընդունելիության հարցը:

Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։