19 հունիսի 2026 - 18:47 AMT
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ-ն ներկայացրել է մշակութային ժառանգության պահպանման առաջնահերթությունները

Հայաստանի պատվիրակությունը մասնակցություն է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին 2003 թվականի կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին։

Իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը նշել է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը շարունակում է մնալ Հայաստանի մշակութային քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Նա կարևորել է տեղական համայնքների կարիքների պատշաճ գնահատումն ու նրանց մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Արամ Հակոբյանը նաև անդրադարձել է հակամարտությունների և բռնի տեղահանությունների հետևանքով ոչ նյութական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերել տեղահանված և փախստական համայնքներին՝ նպաստելով վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը։

Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության բաժնի պետ Նաիրա Կիլիչյանը։ Նա ընդգծել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործում։

Նստաշրջանի շրջանակում հայկական «Մշակույթը հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հավատարմագրվել է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեին խորհրդատվական կարգավիճակով աջակցող հասարակական կազմակերպություն՝ ի գնահատում տվյալ ոլորտում կազմակերպության մասնագիտական փորձառության և գործունեության։