20 հունիսի 2026 - 10:58 AMT
Ներկայացվել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի կառուցման և սարքավորումների տեղակայման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկման առարկա են դարձել Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարան») ընթացիկ գործունեության և առաջիկա ծրագրերի հետ կապված հարցերը։

Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են կենտրոնի շինարարական աշխատանքների և տեխնոլոգիական սարքավորումների տեղադրման ընթացքը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ կատարված քայլերը։

Անդրադարձ է կատարվել նախագծի իրականացման ժամանակացույցին, պետական ու մասնավոր հատվածների համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև «ԱԲ գործարանի» լիարժեք շահագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման գործընթացին։

Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը և նշել է, որ այն Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի տեսանկյունից ռազմավարական կարևորություն ունեցող նախաձեռնություն է։

Վարչապետն ընդգծել է, որ ծրագրի իրականացումը նպաստում է արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը, նոր հնարավորություններ է ստեղծում գիտահետազոտական և կրթական միջավայրերի համար, ինչպես նաև խթանում է Հայաստանի միջազգային մրցունակության աճը տեխնոլոգիական ոլորտում։