20 հունիսի 2026 - 11:50 AMT
Էլինա Ավանեսյանն օգնել է ՀՀ հավաքականին հաղթել Բիլի Ջին Քինգի գավաթի խմբում

Սան Մարինոյում անցկացվող Բիլի Ջին Քինգի գավաթի (կանանց աշխարհի թիմային առաջնություն) 3-րդ ենթախմբի վերջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3։0 հաշվով առավելության է հասել Չեռնոգորիայի թիմի նկատմամբ։

Մենախաղերում հաջողություն են գրանցել Անի Ամիրաղյանը՝ 6։2, 4։6, 6։4 հաշվով, և Էլինա Ավանեսյանը՝ 4։6, 6։4, 6։0 հաշվով։ Զուգախաղում էլ Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմանյանը 2։1 (6:3, 3:6, 10:8) հաշվով հաղթանակ են տարել մրցակիցների նկատմամբ, հայտնում է Factor.am-ը:

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի և Ալբանիայի հավաքականների նկատմամբ։

Հայաստանի ընտրանին հաղթել է իր խմբում և իրավունք է ստացել մասնակցելու անցումային փլեյ-օֆֆին՝ հաջորդ տարի Եվրոպական/Աֆրիկական գոտու 2-րդ ենթախմբում հանդես գալու հնարավորության համար։

Անցումային փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականի մրցակիցն Էստոնիայի ընտրանին է։