20 հունիսի 2026 - 12:03 AMT
Քոչարյան․ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը պաշտոն չի ունեցել, ասում է՝ բոմժ կսարքեմ, ինչի՞ համար

Աժ ընտրությունների քարոզարշավը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «90 տոկոսով ատելության խոսքի վրա է հենել», հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում, հայտնում է «Փաստինֆոն»:

«Օրինակ, ազգային բարերար Սամվել Կարաետյանին ասում է կնստացնեմ, բոմժ կսարքեմ, ինչ՞ի համար: Պաշտոն չի ունեցել, իր գումարն աշխատել է դրսում: Կամ Գագիկ Ծառուկյան, իր գումարը վաստակել է իր քրտինքով և Հայաստանի ամենամեծ բարերարներից է:

Խաղաղության մասին խոսելիս ասել է. «Եթե ես չլինեմ, կլինի պատերազմ սեպտեմբերին», սա իր բառերն են, և մյուս ամբողջ քարոզարշավը՝ «նստացնեմ»: Մենք ում ենք ընտրում՝ վարչապե՞տ, թե դատախազ»,-ասել է նա:

Քոչարյանը նշել է, որ հատուկ բուժհաստատություններ կան, որտեղ մեկը Նապալեոն է, մյուսը մեկ ուրիշ հայտնի մարդ է:

«Ինչ ասեմ, եթե դա բացատրում է, որ կարելի է ընտրությունների ժամանակ ընդդիմության վերաբերյալ արտահայտություններ անել, որ կնստացնեմ, պատերով կտամ և այլն, սա ո՛չ միայն դաստիարակության մասին է խոսում, այլ հոքեվարքի մասին»,-ասել է նա ՝ հավելելով, որ իր անձի վերաբերյալ մի քանի անգամ շեշտել է, որ կսպանի:

ՀՀ երկրորդ նախագահն ասել է, որ եթե 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նման գործընթաց տեղի ունեցած լիներ նախկինում, եվրոպական երկրներն առնվազն այն խնդրահարույց կգնահատեին։ Նրա խոսքով՝ այժմ, երկակի չափանիշներով առաջնորդվելով, նրանք աչք են փակել աննախադեպ ընտրախախտումների վրա, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա գնահատմամբ՝ Եվրոպան այսօր այս կամ այն գործողությունը քննադատում է՝ հաշվի առնելով, թե ով է դրա հեղինակը՝ «իրենց մարդն է», թե ոչ։

«Իրական պատկերն այսօր սա է, և դա մեծ պատասխանատվություն է նաև ԵՄ երկրների համար և եվրոբյուրոկրատիայի համար, որովհետև իրենք ուղղակի աճեցնում են հերթական բռնապետին, ի դեպ, որի փորձը ունեն տարբեր այլ երկրներում»,–ասել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահի կարծիքով՝ այս ընտրությունների ընթացքում ամենաարտասովորը եղել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն որոշումը, որի հետևանքով ԲՀԿ-ն ուղղակի չի անցել խորհրդարան։

«Քիչ էր այդ հանգամանքը, հաջորդ օրը ԿԸՀ նախագահը հարցազրույց է տալիս և փորձում է հիմնավորել, թե ինչու է ինքը դա արել, և իր հիմնավորմամբ պատճառը հետևյալն է՝ վերաքվեարկությունը կոպիտ ասած՝ լավ բան չի։ Քո գործը օրենքը կատարելն է, այլ ոչ թե օրենքի մեկնաբանությունը և սենց յուրահատուկ մեկնաբանությամբ օրենքի խախտումը։ ԿԸՀ նախագահը, հանձնաժողովի բոլոր անդամները այդ հանցանքը կատարել են, բայց ժամանակը որ գա, իրենք ցուցմունք են տալու իրենց վրա ճնշումների մասին։ Դա խոստովանություն է հանցագործության մասին, և դատախազությունը դրանով պետք է զբաղվի, եթե իսկապես դատախազություն է»,–ասել է Քոչարյանը։

Նա ընդգծել է, որ չի եղել որևէ լծակ, որը գործադիր իշխանությունը կարող էր կիրառել և չի կիրառել։

ՀՀ երկրորդ նախագահը նաև շեշտել է, որ չէր պատկերացնում, որ կլինեն նման բռնաճնշումներ, այս աստիճանի ազդեցություն բյուջետային համակարգի վրա, այս քանակի կալանավորումներ, քրեական գործեր։ Վստահ է, նման ընտրախախտումների կեսն անգամ չի եղել այլ ընտրությունների ժամանակ։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։