
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Մալվինա Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ Հանրային Հեռարձակողի խորհրդի։ Այս մասին հայտնել է Գարեգին Խումարյանը, գրում է Aravot.am-ը:
Խումարյանը պահանջել էր ոչ իրավաչափ ճանաչել 2024 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշումը։
«Դեռ փաստաբանների խմբի հետ չենք հանդիպել այս հարցերի շուրջ, դժվարանում եմ որոշում հայտնել այս պահին, մերժման հիմքերին ծանոթ եմ, բայց չեմ ուզում այս պահին գնահատական տալ, որովհետեւ առանձնապես կոմպետենտ չի լինի ասածս»,- ասել է Խումարյանը՝ չբացառելով, որ այնուամենայնիվ բողոքարկի առաջին ատյանի դատարանի որոշումը։
Անդրադառնալով նախորդ տարի իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին՝ կեղծ դատավարական փաստաթղթեր կազմելու վերաբերյալ, նա նշել է, որ չի ընդունում մեղադրանքը և այն համարում է ամբողջությամբ անհիմն։ Նրա խոսքով՝ գործը գտնվում է դատաքննության փուլում։
«Այդ քրեական գործը ուղիղ շարունակությունն է Հանրային հեռարձակողի խորհրդի դեմ իմ հայցին»,-ասել է նա: