22 հունիսի 2026 - 10:55 AMT
Հովհաննիսյան․ Ինքնաբացարկի դեպքում օրենսգիրքը մանդատներն այլ ուժերին փոխանցելու հնարավորություն չի նախատեսում

Եթե խորհրդարան անցած ընդդիմադիր երկու ուժերի պատգամավորության բոլոր թեկնածուներն ինքնաբացարկ ներկայացնեն, ապա ՀՀ ընտրական օրենսգիրքը մանդատներն այլ քաղաքական ուժերի փոխանցելու հնարավորություն չի նախատեսում, հայտարարել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ԼուրջCast-ի եթերում:

Նրա գնահատմամբ՝ եթե բոլոր 412 թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առջև կարող է կանգնել երկու տարբերակ՝ կամ մանդատները փոխանցել մյուս՝ ավելի քիչ ձայն ստացած ուժերին՝ դիմելով ՍԴ համապատասխան կարգավորման համար կամ խորհրդարանում ընդունելով նոր օրենք, կամ անցկացնել արտահերթ ընտրություններ, հայտնում է Sputnik Արմենիան:

Արփինե Հովհաննիսյանը առաջին սցենարը հավանական չի համարել։

«Փաշինյանն ինքն իր նկատմամբ կարմիր գիծ չի խախտի, ինքն իր ստեղծած լեգիտիմ պատկերի վրա չի կրակի»,- կարծում է Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ նման քայլը ծայրահեղ կապալեգիտիմացնի նրան։

Նրա խոսքով՝ նույնիսկ տեխնիկական առումով չափազանց բարդ է լինելու իրականացնել մանդատների վերաբաշխում։ Այդ համատեքստում նա հռետորական հարց է բարձրացրել՝ օրինակ, քանի՞ մանդատ կարող է ստանալ 33 հազար ձայն հավաքած քաղաքական ուժը։

«Դա այն աստիճան տիեզերական մասշտաբի խայտառակություն և ապալեգիտիմ գործողություն կլինի, որ ավելի հավանական է՝ մի կերպ յոլլա կգնան պառլամենտում, հետո կգնան արտահերթ ընտրությունների»,- կարծում է Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ նման պայմաններում արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել մեկ տարի անց կամ նույնիսկ ավելի շուտ։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։