22 հունիսի 2026 - 15:30 AMT
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի քաղուժերի ներկայացրած դիմումի քննությանը

Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Վլադմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությանը: Ըստ հրապարակված փաստաթղթի՝ նրանց մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ, հայտնում է «Ազատությունը»:

Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել խորհրդարանից՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև դատավոր ընտրվելը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության, Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ էր:

Աշխատակարգային մեկ այլ որոշմամբ՝ Սահմանադրական դատարանն հունիսի 26-ին մեկնարկող դատավարությանը որպես «երրորդ անձ» է ներգրավել այժմ կառավարող և ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Դատավարությանը հիմնական պատասխանող է նշանակվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հարակից պատասխաններով դատարանի առջև հանդես կգան դատախազության, ներքին գործերի նախարարության և հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները:

Սահմանադրական դատարանը մեկ վարույթում է միավորել ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները, որոնց քննությունը կանցկացվի նույն դատական նիստում։ Նիստը տեղի կունենա հունիսի 26-ին:Սահմանադրական դատարան են դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։ Հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփած որոշումն անվավեր ճանաչելն է, կա նաև երկրորդ փուլ անցկացնելու պահանջ:

Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։