
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հունիսի 22-ին հայտարարել է, որ պատրաստվում է հեռանալ պաշտոնից՝ նշելով, որ այդ հարցի շուրջ արդեն զրուցել է թագավորի հետ։
Դաունինգ Սթրիթում գտնվող վարչապետի նստավայրի մոտ ունեցած ելույթում Սթարմերը հայտնել է, որ նման որոշման է եկել՝ հաշվի առնելով իր ժողովրդականության ցածր մակարդակը, գրում է Deutsche Welle-ն:
Նա նշել է, որ հրաժարվելու է Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից, սակայն կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչև իր իրավահաջորդի ընտրությունը։
Reuters գործակալության տվյալներով՝ վերջին շրջանում Սթարմերի գործունեության հավանության մակարդակը եղել է ամենացածրն այն ժամանակահատվածում, ինչ Լեյբորիստական կուսակցությունը երկու տարի առաջ հաղթել է խորհրդարանական ընտրություններում։
Վարչապետի նկատմամբ ճնշումն ուժեղացել է մայիսին կայացած տեղական ընտրություններում լեյբորիստների անհաջող արդյունքներից հետո, ինչպես նաև կառավարության մի շարք բարձրաստիճան անդամների հրաժարականների պատճառով, որոնք բողոքել են նրա վարած քաղաքականությունից։
Լեյբորիստական կուսակցության ներսում արդեն շրջանառվում են Սթարմերի հնարավոր իրավահաջորդի անունները։ Լրացուցիչ հարված վարչապետի դիրքերին դարձել է նրա ներթիմային մրցակից, Մեծ Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բըրնհեմի հաղթանակը խորհրդարանի լրացուցիչ ընտրություններում։
Հունիսի 19-ին հրապարակված արդյունքների շնորհիվ Բըրնհեմը հնարավորություն է ստացել հավակնել ինչպես Լեյբորիստական կուսակցության ղեկավարի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններին։
Ավելի վաղ՝ հունիսի 11-ին, անսպասելի հրաժարական էր ներկայացրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ Նա Սթարմերին և ֆինանսների նախարարությանը մեղադրել էր պաշտպանության ոլորտին անհրաժեշտ ֆինանսավորում չտրամադրելու մեջ։
Քաղաքական դիտորդները Հիլիին ևս համարում են կուսակցության առաջնորդության և վարչապետի պաշտոնի հավանական հավակնորդներից մեկը։
Մայիսի կեսերին պաշտոնից հեռացել էր նաև առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը, որը նույնպես հայտարարել էր կուսակցական և կառավարական ղեկավար պաշտոնների նկատմամբ իր հավակնությունների մասին։