
Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ պատրաստվում են դիմում ներկայացնել ՍԴ՝ պահանջելով դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը հունիսի 26-ին մեկնարկելիք դատավարությանը ճանաչել անհնարին։
Դիմումի հիմքում դրվել է դատավորի հնարավոր կողմնակալության հանգամանքը, հայտնում է «Ազատությունը»:
Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկված է եղել «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ընտրական ցուցակում։ Միևնույն ժամանակ, Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը նույնպես Սահմանադրական դատարանում վիճարկում է ընտրությունների արդյունքները։
Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցելու քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությանը, քանի որ, ըստ դատարանի, նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ։
Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարանի կազմ է տեղափոխվել Ազգային ժողովից՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև ՍԴ դատավոր ընտրվելը եղել է Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության և Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ։