
ԱԱԾ-ում Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրը անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում քննարկել են անհետ կորած անձանց վերաբերյալ նոր օրենքի կարգավորումները:
Հանձնաժողովի նախագահ, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը ներկայացրել է նախորդ նիստում արձանագրված առանցքային խնդիրները, ինչպես նաև դրանց հաղթահարման նպատակով տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
Անդրադարձ է կատարվել 2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը անհայտ կորած անձանց հարցերի համակարգային կարգավորման տեսանկյունից, ինչպես նաև օրենքի կիրարկմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներին:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր պետական մարմինների և շահագրգիռ կառույցների միջև աշխատանքների համակարգման հետ կապված հարցերին: Քննարկումների արդյունքում տրվել են համապատասխան հանձնարարականներ, սահմանվել են հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Դիլիջանում՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ քննարկվել է նաև անազատության մեջ գտնվող քաղաքացիների հարցը։