23 հունիսի 2026 - 11:03 AMT
Զախարովա. ՀՀ-ում ճնշում են ՌԴ-ի հետ համագործակցության օգտին արտահայտվող քաղաքական գործիչներին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ճնշումների են ենթարկում այն քաղաքական գործիչներին և ուժերին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման օգտին:

«Սակայն այս տեսակետի (ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին - խմբ.) պատասխանը դարձել է այն քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումների համակարգային ուժեղացումը, որոնք նման արտաքին քաղաքական գծի կողմնակիցներն են։ Որոնք չեն ամաչում և չեն վախենում Ռուսաստանին անվանել ռազմավարական դաշնակից։ Նրանց խոստանում են «ջնջել» քաղաքական քարտեզից։ Նրանք, իբր, «Կրեմլի գործակալներ» են և «ուղարկվել են», որպեսզի թույլ չտան հանրապետության անկախության ամրապնդումը», - ասել է Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ, բացի այդ, Հայաստանում որոշ մեկնաբաններ փորձում են հասարակությանը ներշնչել այն միտքը, թե Մոսկվան իբր պատժում է հանրապետությանը «անհնազանդության» համար։

«Դրանք զուտ քարոզչական մանիպուլացիաներ են»,-ասել է նա:

Հունիսի լույս 8-ի գիշերը, երբ Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները դեռ հայտնի չէին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարել էր իր քաղաքական ուժի հաղթանակի մասին, ապա ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է ենթարկվեն պատասխանատվության։ ՔՊ առաջնորդը նաև հայտարարել էր, որ նրանց ղեկավարած քաղաքական ուժերը ընտրակաշառք են տվել և իրավապահ մարմիններին հանձնարարել էր բացահայտել բոլոր նման դեպքերը։

Փաշինյանը հայտարարել է, որ ըստ էության, խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում, «կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է»: Նա նշել է, որ Հայաստանի լեգիտիմ իրավունքն է այդ պրոցեսներն ու շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից։