
Երևանի Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի անունով։ Համապատասխան նախագիծը ներառված էր Երևանի ավագանու չզեկուցվող հարցերի փաթեթում։
Նիստի ընթացքում Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը և «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարել են, որ դեմ են նախագծին և առաջարկել են հարցը դարձնել զեկուցվող։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկը դրել է քվեարկության, սակայն առաջարկը չի ընդունվել, և այն մնացել է չզեկուցվող հարցերի թվում, հայտնում է Sputnik Արմենիան:
«Ուզում եմ առհասարակ վերհիշենք, թե ով էր Արսեն Ամիրյանը, և էստեղ դժվար կլինի վերհիշել, թե ով էր Արսեն Ամիրյանը, որովհետև այս դահլիճի 90 %–ը այդպես էլ չհասկացավ, թե էդ մարդն ով էր։ Էդ մարդու անունով Երևանի ամենակենտրոնական փողոցում մենք ունենք փողոց։ Ամենայն հարգանքով Ամիրյանների բոլոր սերունդների նկատմամբ, ես վստահ չեմ, որ այդ մարդն այդ արժանիքներն ունի, որ Երևանի հրապարակին կից փողոցն իր անունով անվանակոչված լինի»,–ասել է Ավինյանը։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Արսեն Ամիրյանը եղել է հայ բոլշևիկ հեղափոխական, լրագրող և հրապարակախոս, ինչպես նաև Բաքվի 26 կոմիսարներից մեկը։ Կոմունայի անկումից հետո (1918 թվականի հուլիսի 30) ձերբակալվել է և սեպտեմբերի 20-ին գնդակահարվել: