
Կառավարությունը քաղաքացիներին կոչ է արել պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ հիշեցնելով, որ հանրապետության տարածքում հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը համարվել է հրդեհավտանգ ժամանակաշրջան։
«Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել և օգտվել բաց կրակից»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Քաղաքացիներին նաև հորդորում են չայրել չոր խոտ կամ խոզան, ինչպես նաև արևի ճառագայթներով լուսավորվող բաց տարածքներում չթողնել շշեր և ապակու բեկորներ, քանի որ դրանք կարող են կենտրոնացնել ճառագայթները և վերածվել հրկիզող ոսպնյակների։
Փոքր հրդեհօջախ նկատելու դեպքում խորհուրդ է տրվում փորձել մարել այն՝ կիրառելով կրակմարիչներ, բահեր, ծառերի ճյուղերից պատրաստված կապուկներ, թաց հագուստ կամ ամուր կտոր։ Միաժամանակ անհրաժեշտ է համոզվել, որ կրակն ամբողջությամբ մարվել է և կրկնակի բռնկման վտանգ չի մնացել։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերի, թփերի և մշակաբույսերի ոչնչացումը կամ վնասումը հանգեցնում է տուգանքի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկի չափով։
Խոզանների, բուսական մնացորդների, չորացած բուսականության տարածքների, արոտավայրերի և խոտհարքների բուսականության այրումը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 300-ապատիկի չափով։
Հրդեհ նկատելու դեպքում քաղաքացիները պետք է անմիջապես զանգահարեն 112 հեռախոսահամարին։