
Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 8։30-ին, իրավապահները մուտք են գործել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարան, խուզարկել են տունն ու մեքենաները: Այդ մասին տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Լուրը հաստատել են նաև Քննչական կոմիտեից, հայտնում է 1lurer.am-ը:
«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,- հայտնում են ՔԿ-ից:
Ավելի ուշ փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ խուզարկությունն ավարտվել է, որևէ բան չի հայտնաբերվել։
Նա ասել է, որ Սաղաթելյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը եղել է հայտարարագրած գումարի վերաբերյալ, հայտնել է Sputnik Արմենիան:
«Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ինչ–որ գործի մասին է, որը նախաձեռնվել է հայտարարագրված կանխիկ գումարի և զարդերի հիման վրա։ Սաղաթելյանից պահանջել են այդ կանխիկ գումարը ցույց տալ, ինչին ի պատասխան պատգամավորը նշել է, որ այդ ամենն ի պահ է տրված այլ անձի։ Հաստատել է, որ կներկայացնի, ուղղակի մի փոքր ժամանակ է պետք, բայց փաստորեն չեն տվել այդ ժամանակը։ Անհասկանալի է, թե ինչի համար է այդ գերհրատապությունը, քանի որ բազմաթիվ այլ գործերով ԴԱՀԿ–ն (ներկայում` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն–խմբ.) անգործություն է ցուցաբերում»,– ասել է Հարությունյանը։
Նա տեղի ունեցածն անվանել է շոու։ Նա նշել է, որ խուզարկության ժամանակ մեծաթիվ ոստիկաններով շրջապատել էին շենքը, այն դեպքում, երբ տեխնիկական մասն ապահովելու համար 2-3 ոստիկանի առկայությունը լիարժեք բավարար կլիներ։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Սաղաթելյանը դեռ կարգավիճակ չունի` փաստաբանը նշել է` չի կարող դեռ նման բան լինել, քանի որ 2 ընթացակարգ պետք է իրականացվի։ Առաջինի դեպքում նրան պետք է զրկեն պատգամավորի անձեռնմխելիությունից, մյուս դեպքում էլ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից։
Այդ գործընթացներից հետո միայն Սաղաթելյանը կարող է տվյալ գործի շրջանակում կարգավիճակ ունենալ, խափանման միջոցի ենթարկվել։
Փաստաբանը նաև ընդգծել է, որ արդեն սկսել են նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ներգրավել տարբեր գործընցացներում, ու սա առաջին դեպքը չէ։ Մինչ այս էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավի ժամանակ է այդպիսի նախադեպ գրանցվել։
Նա պնդել է, որ այս ամենում քաղաքական տարրեր են առկա ու իրավապահ համակարգի կողմից այսօր կարող են տեղի ունենալ նույնիսկ անհավանական գործողություններ։