
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրամիություն, գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ի իր միկրոբլոգում ՝ անդրադառնալով ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպմանը։
«Շնորհակալություն Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և շատ լավ քննարկման համար։ Մենք հանդիպեցինք Connectivity Agenda Platform-ի մեկնարկից առաջ, որտեղ կշարունակենք մեր աշխատանքը՝ Հայաստանն իր հարևանների և Եվրոպայի հետ ավելի սերտ կապելու համար»,- գրել է Կոսը։
Նա հավելել է, որ այդ քայլը կնպաստի հայկական արտադրողների արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացմանը և հնարավորություն է տալու բարձրորակ հայկական արտադրանքը հասցնել նոր շուկաներ։
Խուդաթյանը Բրյուսելում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ հանդիպմանը քննարկել է տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերը, հայտնել էր կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում էր, որ Խուդաթյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել խորացնելու համագործակցությունը տրանսպորտային, էներգետիկ և թվային կապակցվածության ոլորտներում, ինչպես նաև կապակցվածության ներառական ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից կիրառված առևտրային սահմանափակումների հետևանքների մեղմման նպատակով։