23 հունիսի 2026 - 14:47 AMT
Ավինյան․ Երևանում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի

Նախատեսվում է էլեկտրական ավտոբուսներ ձեռք բերել Երևանի համար, հայտարրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստում: Նա հավելել է, որ հարցն ընդգրկված է կառավարության ներդրումային կոմիտեի օրակարգային քննարկումների շարքում։

«Հետագայում մեր ռազմավարությունն է, որ Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի»,-ասել է Ավինյանը, գրում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ առաջարկվում է 18 մետրանոց ավտոբուսների փոխարեն գնել 12 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ։

«Որոշ ժամանակ անց վերլուծությունները կամբողջացնենք։ Հետագայում Երևանն էլեկտրատրանսպորտից բացի այլ տեսակի հանրային տրանսպորտ չի գնելու և չի շահագործելու»,-ասել է նա:

Երևանում հին տրոլեյբուսներ այլևս չեն մնացել՝ հունիսի 3-ից շահագործման են հանձնվել 45 նոր տրոլեյբուս, որոնք սպասարկում են գործող ուղղությունները՝ մի շարք փոփոխված վերջնակետերով: