23 հունիսի 2026 - 17:42 AMT
Բաքուն համաժողով է կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ «Հայաստան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ»

Հունիսի 24-ին Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպմամբ ԱՄՆ Կոնգրեսի շենքում կանցկացվի միջազգային համաժողով՝ «Վերադարձի իրավունք և ինքնորոշում. երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցումներ» խորագրով, գրում է Minval.az-ը:

Ըստ հրապարակման՝ միջոցառումը ներկայացվում է որպես ԱՄՆ Կոնգրեսում անցկացվող առաջին նմանատիպ քննարկում, որը նվիրված կլինի, իբր, «Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտումներին»։

Նշվում է, որ համաժողովին կմասնակցեն փախստականների և փոքրամասնությունների իրավունքների հարցերով մասնագետներ, իրավապաշտպաններ, միջազգային իրավունքի փորձագետներ, սփյուռքյան կառույցների ներկայացուցիչներ, այսպես կոչված «տուժած» համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտներ։

Նշվում է նաև, որ համաժողովի մասնակիցները «հարյուր հազարավոր ադրբեջանցիների օրինակով, որոնք բռնի կերպով վտարվել են Հայաստանի տարածքում իրենց պատմական հողերից», կքննարկեն «միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում իրենց հիմնարար իրավունքների՝ իրենց պատմական հողեր անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձի իրավունքի ճանաչման հարցը»։

Նշվում է, որ քննարկման ենթակա է նաև ՀՀ տարածքում «ադրբեջանական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության յուրացման և ոչնչացման փաստերի միջազգային իրավական գնահատականի հարցը»:

Բաքվի նախաձեռնող խումբը ստեղծվել է 2023-ին և հայտնի է Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Հնդկաստանի դեմ տարբեր միջոցառումների կազմակերպմամբ և, իբր, կոչված է պայքարելու ֆրանսիական գաղութատիրության դեմ: Կազմակերպությունը հայտնի ա նաև Ֆրանսիային պատկանող կղզիներում անկարգություններին իր առնչությամբ: