
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձել է նախարարության վերանվանման նախաձեռնությանը։
Խորհրդակցության ժամանակ նախարարը խոսել է այն գաղափարի մասին, ըստ որի՝ առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, գրում է Aysor.am-ը:
Նա նաև նշել է, որ հետագայում փոփոխություններ կարող են կատարվել նաև Միասնական սոցիալական ծառայության գործառույթներում։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ նախաձեռնությունը դեռևս գտնվում է գաղափարի և քննարկումների փուլում։
Կառավարության նախորդ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է այդ հնարավորությանը։
«Նոր կառավարությունում, գուցեթե, մտածենք նախարարության անունը փոխելու մասին։ Դա դեռ կքննարկենք, սա ընդամենը գաղափար է, գուցե՝ այո՛, գուցե՝ ո՛չ»,- նշել էր Փաշինյանը։