
«Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» միջև ստորագրված համաձայնագրով հայկական ընկերությունը կոմերցիոն հիմունքներով իրականացնելու է տարանցիկ ինտերնետի մատակարարում Նախիջևան-Ադրբեջան ուղղություններով, հայտարարել է Team Telecom Armenia-ի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Նա նշել է, որ գործարքը բացառապես բիզնես բնույթ ունի և ազգային անվտանգության հետ կապված ռիսկեր չի պարունակում, հայտնում է Արմենպրեսը:
«Ապահովում ենք տրաֆիկի տարանցում Նախիջևան-Ադրբեջան ուղղություններով։ Այսինքն՝ Team Telecom Armenia-ն ինտերնետ տրաֆիկ է վաճառելու Ադրբեջանին: Հարկ է նշել, որ միջազգային կապուղիները գործում են որպես փոխլրացնող երթուղիներ։ Ժամանակակից հեռահաղորդակցական ցանցերում տրաֆիկը կարող է փոխանցվել տարբեր ուղղություններով՝ կախված տեխնիկական և օպերացիոն պայմաններից։
Նոր միացումները ընդլայնում են հասանելի հնարավորությունները և մեծացնում ցանցի ճկունությունը։ Տրանզիտ ծառայությունների տրամադրման համար ցանցերը միմյանց հետ պետք է ունենան ֆիզիկական համակցում սարքավորումների, մալուխների մակարդակով։
Սա ինտերնետ ծառայություն չէ, տվյալների տրանզիտի ծառայություն է, որը իրականացվում է կետից կետ՝ DWDM տեխնոլոգիայով: Ադրբեջանական կողմը հասանելիություն կստանա վայրկյանում 100 գիգաբայթ արագության մալուխին, այլ ոչ թե տվյալներին»,-ասել է նա:
Անդրադառնալով ազգային անվտանգության հարցերին՝ Team Telecom Armenia-ի համահիմնադիրը նշել է, որ համաշխարհային ինտերնետային ենթակառուցվածքը կառուցված է փոխկապակցված հանգույցների սկզբունքով, իսկ տվյալ համագործակցությունը չի նախատեսում երկրների միջև տվյալների փոխանակում։
«Քանի որ ինտերնետ տրաֆիկի վաճառքը հիմնականում իրականացվելու է «Տելեկոմ Արմենիայից»՝ դիմացի կողմի համար պոտենցիալ ռիսկերն ավելի բարձր են: Հեռահաղորդակցական ենթակառուցվածքների նախագծման և շահագործման ընթացքում անվտանգության պահանջները մշտապես առաջնահերթություն են: Նոր կապուղիների ստեղծման նպատակն է բարձրացնել ցանցի դիմակայունությունը և նվազեցնել կախվածությունը առանձին ուղղություններից՝ ապահովելով ավելի բազմազան և կայուն ենթակառուցվածք»,-ասել է նա:
Եսայանը հաստատել է, որ գործարքը զուտ կոմերցիոն բնույթ ունի, սակայն դրա շնորհիվ կավելանան միջազգային թողունակությունն ու լրացուցիչ երթուղիները, ինչը կնպաստի ծառայությունների և ցանցի կայունության բարձրացմանը։
Նա նաև ընդգծել է, որ համաձայնագիրը որևէ առնչություն չունի TRIPP-ի կամ այլ միջպետական նախագծերի հետ և հանդիսանում է բացառապես երկու մասնավոր ընկերությունների համագործակցություն։
«Սա բացառապես հեռահաղորդակցային և ենթակառուցվածքային նախագիծ է, որի նպատակն է բարձրացնել ցանցի կայունությունը, ընդլայնել միջազգային կապուղիները և ստեղծել լրացուցիչ հնարավորություններ Հայաստանի թվային տնտեսության զարգացման համար։
Մենք այժմ էլ Հայաստանից դեպի արտերկիր տրանզիտ ինտերնետ կապի խոշորագույն մատակարարն ենք։ Սրանով դառնում ենք Կովկասում և Մերձավոր Արևելքում տրանզիտային ինտերնետ տրաֆիկի խոշորագույն երեք մատակարարներից մեկը:
Համաձայնագրի շրջանակներում պարզապես ընդլայնում ենք համաշխարհային ինտերնետ ցանցի գլոբալ հանգույցներին միանալու այլընտրանքային հնարավորությունները, ինչպես նաև սկսում ենք ծառայություններ վաճառել Ադրբեջանին»,-ասել է նա:
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։
Համաձայնագրի շրջանակում «Տելեկոմ Արմենիան», որպես տարածաշրջանի առաջատար տարանցիկ օպերատոր, ընդլայնել է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման աշխարհագրությունն ու երկրների ցանկը՝ սեփական ենթակառուցվածքների միջոցով ապահովելով տարանցումը դեպի Ադրբեջան։
Համաձայնագրի նպատակն է նպաստել տարածաշրջանային կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և ոլորտային համագործակցության զարգացմանը։