
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «կարմիր գծերի» վերաբերյալ դատական գործընթացներին և նշել, որ քաղաքապետարանը ծանոթանալու է դատարանների որոշումներին։
«Դատարանի որոշումներին կծանոթանանք։ Սա մեզ համար ազդակ է, որ 2027 թվականի տուրքերը սահմանելիս այդ որոշումների նախագծերի հիմնավորվածությանն առավել լուրջ է պետք մոտենալ»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Երևանի ավագանու բողոքը, որը վերաբերում էր վճարովի ավտոկայանատեղիների՝ «կարմիր գծերի» սակագների բարձրացմանը։ Արդյունքում ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը, որով անվավեր են ճանաչվել ավագանու՝ կայանման վճարների թանկացմանը վերաբերող դրույթները։
«Կարծում եմ՝ դատարանը, ամենայն հարգանքով, իրավասու չէ գնահատական տալու քաղաքական մարմինների քաղաքականության ճիշտ կամ սխալ լինելուն, ոնց որ և մենք իրավունք չունենք դատական իշխանության դատական ակտերի մասով իրավական հիմնավորումները վիճարկելու։ Մենք կարող ենք համաձայն չլինել, մենք կարող ենք ընդհանուր դատական իշխանության աշխատանքից դժգոհ լինել, բայց կոնկրետ դատական ակտերը, եթե օրինական ուժի մեջ մտած են, ենթակա են կատարման»,- նշել է նա։