
Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ավելի քան 10 հոգևորական Հայաստան այցի ընթացքում ստացել է ռազմական հավաքների մասնակցության ծանուցագրեր։
Թեմի մամուլի ծառայությունից ասել են․ «Շտապ և անսպասելի կերպով կազմակերպված հավաքների անցկացման որոշման հետևանքով հոգևորականները չեն կարողացել ժամանակին վերադառնալ իրենց ծառայության վայրերը, ինչը խաթարել է ծխերի բնականոն գործունեությունը։ Այնուամենայնիվ, հոգևորականները պատրաստ են կատարել իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ», գրում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը տեղեկացրել էր, որ ռուսաստանյան ծխերի երկու սպասավորներ չեն կարողանում Հայաստանից վերադառնալ, քանի որ ստացել են 25-օրյա ուսումնական ռազմական հավաքների մասնակցության ծանուցագրեր։
Թեմից պարզաբանել են. «Տեր Արսեն Իսրայելյանը (Վորոնեժի Սուրբ Սարգիս եկեղեցի) և տեր Երեմիա Վարդանյանը (Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի), որոնք նախկինում բանակում ծառայել են, արդեն մասնակցում են հավաքներին»։
Փետրվարի 1-ից, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կարգադրությամբ, դադարեցվել է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականության գործունեությունը, որը հոգևոր սպասավորություն էր իրականացնում երկրի զինված ուժերում։