
ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը` կողմնակալության հիմքով նա մասնակցությունն անհնարին ճանաչելու միջնորդությունը չի քննվել: Այդ մասին հայտնել են ՍԴ արտաքին կապերի բաժնից, գրում է Aysor.am-ը:
«Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի միջնորդությունը քննության առարկա չի դարձել, քանի որ դատավորներից որևէ մեկը այդ հարցը չի բարձրացրել»,- նշել են ՍԴ-ից։
Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկված է եղել «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ընտրական ցուցակում։ Միևնույն ժամանակ, Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը նույնպես Սահմանադրական դատարանում վիճարկում է ընտրությունների արդյունքները։
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել Սահմանադրական դատարանի ցանկացած դատավոր։ Միայն այդ դեպքում է հարցը դրվում քննարկման, ինչպես տեղի է ունեցել դատավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի պարագայում։
Արդյունքում Սեդա Սաֆարյանը կմասնակցի հունիսի 26-ին կայանալիք ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։
Գործի քննությանը չեն մասնակցի դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը։ Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ նրանց մասնակցությունն անհնար է, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն դատավարության կողմերի նկատմամբ։
Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարան է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև դատավոր դառնալը եղել է Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության անդամ։
Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումներով հարուցված գործերը միավորվել են մեկ վարույթում և քննվելու են նույն նիստի շրջանակում։
Դատական նիստը նշանակվել է 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, իսկ քննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով։