
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ, ըստ էության, իրեն մեղադրում են հայտարարագիր լրացնելու համար:
Նա նշել է, որ ինքն է հայտարարագրով բացահայտել, որ ունի կանխիկ գումար, տարիներ շարունակ է դա հայտարարագրել, ասել է դրա գտնվելու վայրը, քանակը, ծագման աղբյուրը, հետևաբար իրեն «ոչ թե հայտարարագիր չտալու, այ հայտարարագիր տալու համար են մեղադրանք առաջադրում»։
«Իմ բնակարանը խուզարկելուց հետո Քննչական կոմիտեն տարածեց հայտարարություն, որ արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու և գույքի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու առթիվ է նախաձեռնել քրեական վարույթ։ Եթե ամենամեղմ կերպով ձևակերպեմ, այս բովանդակությամբ այտարարությունը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի։
Նախ ես արգելանքի տակ գտնվող որևէ գույքի նկատմամբ որևէ գործողություն չեմ արել, դա փաստ է։ Եվ երկրորդը, ի՞նչ է նշանակում խուսափելը հայտարարագիր ներկայացնելուց, ես ինքս եմ հայտարարագրով բացահայտել, որ ունեմ կանխիկ գումար: Հայտարարագիր եմ ներկայացրել ոչ միայն ԴԱԿ-ին, այլ նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, այսինքն մեկի փոխարեն երկու հայտարարագիր եմ ներկայացրել։ Այսինքն երկու այն հիմքերը, որի մասին խոսվում է, դրանք իրականության հետ որևէ կապ և առնչություն չունեն»,-նշել է նա:
Նա հավելել է, որ եթե իրեն կանչեին հարցաքննության, կստանային բոլոր հարցերի պատասխանները, բայց դա չեն արել:
«Ըստ էության, չհաղթահարելով անձեռնամխելիության արգելքը, մեղադրանք է առաջադրել և սա ստեղծել է փակուղային իրավիճակ։ Այլ կարգավիճակով ինձ հրավիրել չէին կարող, կամ դա է պատճառը, որ չեն հրավիրել, կամ եթե հրավիրեին այս հարցերի պատասխանը կստանային, ստիպված այս գործը պետք է կառճեին։ Հետևաբար այն, ինչի համար ինձ մեղադրում են կամ փորձում են այս քարոզչական հարձակումներով տպավորություն ստեղծել իրականության հետ և իրավական ընթացքի հետ որևէ կապ և առնչություն չունի»,-ասել է նա:
Սաղաթելյանը հավելել է, որ անկախ ամեն ինչից չպետք է թույլ տան, որ նման քայլերով և վերաբերմունքով մարդկանց շեղեն հիմնական օրակարգից:
Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 8։30-ին, իրավապահները մուտք են գործել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարան, խուզարկել են տունն ու մեքենաները: Ավելի ուշ փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնել է, որ խուզարկությունն ավարտվել է, որևէ բան չի հայտնաբերվել։ Նա ասել է, որ Սաղաթելյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը եղել է հայտարարագրած գումարի վերաբերյալ