
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ավելի վաղ հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մոտ ժամանակում կայցելի Հայաստան։ Նա նշել է, որ այցի օրակարգում կլինի հայկական գյուղմթերքի արտահանումը ԵՄ, հայտնում է Արմենպրեսը:
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի սկզբին նախատեսում է այցելել Երևան։
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերջերս Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, ինչի արդյունքում ձևավորվել են նախադրյալներ՝ այս ուղղությամբ նոր հնարավորություններ ստեղծելու համար։
Հավանականություն կա, որ այս առումով Հայաստանը կունենա բացառիկ հնարավորություններ։ Հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ կհաջողվի ավարտին հասցնել համապատասխան նախագիծը, և նրա երևանյան այցի ընթացքում մենք այդ մասին համատեղ հայտարարություն կանենք»,- նշել է Փաշինյանը։
Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը TRIPP նախագծի շրջանակում անխուսափելիորեն ինտեգրվելու է տարածաշրջանային ծրագրերին։
«Ժամանակն է, որ Հարավային Կովկասի երկրները մտածեն տարածաշրջանի մասին որպես մեկ ընդհանուր տարածքի, որտեղ առկա են բազմաթիվ ընդհանուր շահեր։ Իհարկե, յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային շահերն ու տեսլականը, սակայն կարծում եմ, որ մեզ կապում է նաև ընդհանուր շահերի բավականին մեծ շրջանակ, և այդ ուղղությամբ պետք է շարունակել աշխատել»,- ասել է վարչապետը։
Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։