25 հունիսի 2026 - 16:16 AMT
ՀՀ ամենաանկեղծ ստարտափ միջոցառումը վերադառնում է՝ տեղի կունենա Qloong-ի 6-րդ մասը

Հունիսի 26-ին ISTC-ում տեղի կունենա Qloong-ի 6-րդ մասը՝ ստարտափների ուղիղ և անկեղծ հետադարձ կապի (feedback) միջոցառումների շարքից, որը կազմակերպում է Techweiz ընկերությունը։

Ստարտափների հիմնադիրները ներկայացնում են իրենց գաղափարները՝ փիչ (pitch) են անում և ստանում են ուղիղ և անկեղծ հետադարձ կապ (feedback), այսինքն, ժողովրդի լեզվով ասած՝ «քլնգվում» են, ընդ որում՝ «քլնգողները» փորձառու ներդրողներ են, ձեռնարկատերեր և ստարտափ փորձագետներ։

Հետադարձ կապը տրվում է առանց ձևական քաղաքավարության. հնչում է ուղիղ, իրական, անկեղծ քննադատություն: Համարձակ ստարտափները գալիս են մարտահրավերներ ընդունելու և արդյունքում հեռանում են ավելի ուժեղ:

Հունիսի 26-ին «քլնգողների» դերում հանդես կգան`

Ռեմ Դարբինյանը - հրեշտակ ներդրող և ստարտափ փորձագետ

Կարեն Վարդանյանը - Ֆորմուլա վենչուրային ֆոնդի համահիմնադիր

Սոնա Գրիգորյանը - Plug & Play Armenia-ի տնօրեն

Իսկ ստարտափներին կպաշտպանի մեդիափորձագետ և CyberHUB-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը։

Միջոցառումը բաց է նաև հանդիսատեսի համար. սկսնակ ստարտափների հիմնադիրները, ստարտափ սկսելու գաղափարներ ունեցողները, ներդրողները նույնպես կարող են տեսնել և սովորել ինչպես ներկայացնել (կամ չներկայացնել) ստարտափը, ինչպես տալ և ստանալ հետադարձ կապ, ինչպես դիմակայել քննադատությանը։

Qloong-ը նաև հնարավորություն է՝ ստարտափ համայնքի ծանոթ-անծանոթներին հանդիպելու, ոլորտի մարդկանց հետ կապեր հաստատելու և գաղափարներով փոխանակվելու։

«Qloong-ը ստեղծվել է մեկ նպատակով՝ հանել ստարտափ էկոհամակարգից ձևականությունը և դառնալ ապահով հարթակ, որտեղ տեղի է ունենում անկեղծ երկխոսություն», - նշել է Techweiz-ի համահիմնադիր և Qloong-ի համակազմակերպիչ Աշոտ Խուդգարյանը։

Qloong Vol. 6-ի գլխավոր գործընկերը Apricot Capital ներդրումային ընկերությունն է։ Միջոցառումը կանցնի Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի աջակցությամբ։ Գործընկերներն են՝ Plug and Play Armenia-ն (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ), BANA Angels հրեշտակ ներդրողների ցանցը և Թին գինիները։

Տեղերը սահմանափակ են, խորհուրդ է տրվում տոմսերը գնել նախապես:

Qloong-ը Հայաստանում ստարտափների ուղիղ և անկեղծ հետադարձ կապի կանոնավոր միջոցառումների շարք է, որը հավաքում է հիմնադիրներին, ներդրողներին և ոլորտի փորձագետներին մեկ դահլիճում՝ անկեղծ քննադատության և գործնական մենթորության շուրջ։ Կազմակերպիչը Techweiz ընկերությունն է։