
Ամերիկահայ տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն հրաժարվել է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարիներ առաջ իրեն ուղղված հրավերը՝ մասնակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանն աջակցելու գործընթացին։
Փաշինյանը դեռևս 2018 թվականին հայտարարել էր, որ Աճեմօղլուին հրավիրել է օգնելու երկրի տնտեսական վերականգնման և զարգացման գործում, սակայն տնտեսագետը Հայաստան չի ժամանել։
«Ամեն ինչ բավականին բարդ է, ուստի եկեք անցնենք հաջորդ հարցին», – ասել է հայտնի տնտեսագետը Ղազախստանում Եվրասիական զարգացման բանկի բիզնես ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Sputnik Արմենիան:
Անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը՝ Աճեմօղլուն նշել է, որ, ի տարբերություն, օրինակ, Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների, Հայաստանը հարուստ բնական պաշարներ չունի, ուստի նրա համեմատական առավելությունները պետք է ձևավորվեն այլ ուղղություններով։
«Կարծում եմ, որ թվային փոխակերպումն է նոր հնարավորություններ ստեղծում Հայաստանի համար։ Սակայն այն փաստը, որ այն շատ փոքր երկիր է՝ սահմանափակ ներքին պահանջարկով և մեկուսացված իր բնական շուկաներից, որոշակի դժվարություններ է ստեղծում», – ասել է տնտեսագետը։
Տարոն Աճեմօղլուն ծնվել է Ստամբուլում։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։