25 հունիսի 2026 - 18:58 AMT
X-ում երկրաշարժի մասին ապատեղեկատվություն է տարածվում՝ թիրախում Կոտայքում կառուցվող AI գործարանն

Հունիսի 24-ից X-ում տարածվում է տեսանյութ, որում ասվում է, թե Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը նախազգուշացում է տարածել հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին։ Նշվում է, թե այն առաջիկա շաբաթներին կարող է հարվածել Կոտայքի մարզին, որտեղ կառուցվում է Firebird AI տվյալների կենտրոնը, հայտնում է Factor.am-ը:

Իրականում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը նման հայտարարություն չի տարածել։ եյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը հերքել է այդ տեղեկությունը։

«Իհարկե, մեր կողմից նման լուրեր չեն տարածվել և չեն կարող։ Հերթական ապատեղեկատվությունն է, մեր ծառայությունն էլ 24-ժամյա մոնիթորինգ է իրականացնում, չեմ կարծում՝ մտահոգվելու խնդիր ունենք»,- փոխանցել է Սոս Մարգարյանը։

X-ում այս տեսանյութը տարածել է Truth_Teller օգտատերը, որն ունի ավելի քան 166 հազար հետևորդ։

Նշվում է, որ այս էջը պարբերաբար մասնակցել է Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվական արշավների։ Օրինակ՝ նախորդ կեղծիքներից մեկը պարունակել է պնդում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է չեղարկել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները։ Մեկ այլ կեղծիք վերաբերել է ԱԱԾ-ի և ԿԸՀ-ի նախաձեռնությամբ, իբրև թե, ստեղծված «Զանավես» կոդային անվանումով գաղտնի համակարգչային ծրագրին, որը հունիսի 7-ին կայացած ընտրությունների ընթացքում օգնելու էր վերահսկել և իրական ժամանակում խմբագրել՝ վերաշարադրել ընտրողների քվեարկության արդյունքները։

Նախորդ դեպքերում ապատեղեկատվությունը տարածվել է ցանցային մեխանիզմով․ կեղծ տեղեկությունները նախ հրապարակվել են փոքր կամ քիչ ճանաչելի էջերում, այնուհետև վերահրապարակվել են ավելի մեծ լսարան ունեցող հաշիվների միջոցով՝ X-ում, Telegram-ում և Facebook-ում։

Նշվում է, որ յս գործելաոճը բնորոշ է ռուսական հիբրիդային ազդեցության գործողություններով հայտնի «Մատրյոշկա» ցանցին։

X-ում տարածված տեսանյութը գեներացվել է արհեստական բանականության օգնությամբ։ Այնտեղ օգտագործվել է TechCrunch ամերիկյան տեխնոլոգիական լրատվական կայքի լոգոն՝ ներկայացված պնդումներին հավաստիություն հաղորդելու նպատակով։ Տեսանյութի սկզբնաղբյուրը դարձել է TechCrunch-ին կրկնօրինակած կեղծ կայքէջը, որտեղ հրապարակվել է համապատասխան հոդվածը։

Հատկանշական է, որ tech-crunch.org էջի մենյուի հղումները տանում են իրական techcrunch.com-ի բաժիններ, սակայն հոդվածը հրապարակվել է ոչ թե techcrunch.com-ում, այլ tech-crunch.org-ում։ Այս մեթոդը հաճախ կիրառվում է նմանակող կայքերի կողմից՝ վստահելիության տպավորություն ստեղծելու նպատակով։ Այն հայտնի է Doppelgänger (դոպլգենգեր) անվամբ։ Նման դեպքերում ապատեղեկատվություն տարածողները ստեղծում են հայտնի կայքերի կրկնօրինակներ, որոնցում տեղադրել են կեղծ տեղեկություններ և այդ միջոցով փորձել են կշիռ ու վստահություն հաղորդել ապատեղեկատվությանը։

Այս մեթոդների համադրությունը թույլ է տվել ենթադրել, որ տվյալ ապատեղեկատվական գործողության հետևում կարող է կանգնած լինել ռուսական Storm-1516 հիբրիդային ազդեցության խումբը։ Storm-1516-ը նախկինում ևս աչքի է ընկել նման գործելաոճով՝ կիրառելով կեղծ հետաքննություններ, իբր պետական կառույցներից ստացված գաղտնի տեղեկություններ, հայտնի լրատվամիջոցներին նմանակող կայքեր և ապատեղեկատվության տարածման համակարգված ցանցեր։

Կեղծ հոդվածի վերնագրում նշվել է, թե սեյսմիկ ռիսկերը վտանգում են Հայաստանի՝ NVIDIA-ով աշխատող 5 միլիարդ դոլարանոց AI տվյալների կենտրոնի ժամանակացույցը։ Իրականում բաց աղբյուրների տվյալներով հայտնի է, որ ՀՀ կառավարության, համաշխարհային հեղինակավոր NVIDIA ընկերության, AI ամպային և ենթակառուցվածքային Firebird ընկերության, ինչպես նաև Team ընկերությունների խմբի համագործակցությամբ իրականացվում է նման ներդրում՝ Կոտայքի մարզում արհեստական բանականության արտադրության բարձր տեխնոլոգիական գործարան կառուցելու նպատակով։

Կեղծ հոդվածում ներկայացվել է, թե, իբր, ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության վերլուծությունը, որը վերաբերել է Կոտայքի մարզում առկա սեյսմիկ ռիսկին, կասկածի տակ է դրել այնտեղ AI գործարանի կառուցման արդյունավետությունը, և իբր այն հաստատվել է ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ USGS-ի կողմից, իսկ առաջիկա 35 օրվա ընթացքում այդ տարածքում կարող է տեղի ունենալ 7.4 մագնիտուդով երկրաշարժ։

Իրականում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը նման վերլուծություն չի իրականացրել և որևէ տեղ չի հրապարակել։ Հետևաբար ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նույնպես չի կարող հաստատել նման վերլուծություն։ Բացի այդ, երկրաշարժի կանխատեսումը չի համարվում իրատեսական, և բազմաթիվ դեպքերում, երբ նման կեղծ կանխատեսումներ են տարածվել, սեյսմիկ ծառայությունները հերքել են դրանք կանխատեսելու հնարավորությունը։

Հոդվածում սեյսմիկ ռիսկի ընդհանուր փաստը կապվել է Firebird նախագծի հետ՝ ստեղծելով տպավորություն, թե AI տվյալների կենտրոնը գտնվում է մոտալուտ վտանգի ներքո։ Սակայն հրապարակման մեջ չի ներկայացվել երկրաշարժի իրական կանխատեսում, չի եղել Firebird-ի սեյսմակայունության վերաբերյալ ինժեներական գնահատական և չի ներկայացվել որևէ ապացույց, որ նախագիծը չի կարող գործարկվել նախատեսված ժամկետներում։

Հատկանշական է, որ թիրախավորվել է ոչ թե պատահական ենթակառուցվածք, այլ վերջին տարիների Հայաստանի ամենախոշոր տեխնոլոգիական ներդրումներից մեկը։ Նման նախագծերի շուրջ անորոշություն կամ անվստահություն ստեղծելը կարող է վնասել Հայաստանի ներդրումային հեղինակությանը։

Հոդվածին վստահելիություն հաղորդելու նպատակով օգտագործվել է նաև Արմեն Տեր-Կյուրեղյանի տեսանյութը, որում նա, իբրև թե, ասում է․ «Վերջին օրերի սեյսմիկ ակտիվության աճի պայմաններում խիստ կասկածում եմ, որ Հայաստանում Firebird տվյալների կենտրոնի առաջին փուլը շահագործման կհանձնվի նախատեսված ժամկետում՝ հուլիսի 5-ին»։

Արմեն Տեր-Կյուրեղյանը հայազգի ինժեներ-գիտնական է, սեյսմիկ ինժեներիայի, կառուցվածքային հուսալիության և ռիսկերի վերլուծության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մասնագետ։ Իրականում Տեր-Կյուրեղյանի տեսանյութը կեղծվել է։ Տեսանյութի իրական տարբերակը չի հայտնաբերվել, իսկ ձայնը գեներացվել է արհեստական բանականության օգնությամբ։

Թե՛ հոդվածում, թե՛ դրա հիման վրա արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութում ներկայացվել են նաև իրական փաստեր, օրինակ՝ որ Կոտայքի մարզում կառուցվելու է AI գործարան, կամ որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ռիսկային տարածաշրջանում, ինչպես նաև հիշատակվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը։ Արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութում օգտագործված ուղեկցող պատկերները նույնպես իրական են, սակայն դրանք վերցվել են այլ իրադարձություններից և կապ չեն ունեցել ներկայացված կեղծ պնդումների հետ։

Այսպիսով՝ X-ում տարածված տեսանյութում և դրան ուղեկցող հոդվածում ներկայացված պնդումները չեն համապատասխանել իրականությանը։ ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին որևէ նախազգուշացում չի տարածել, իսկ հոդվածը հրապարակվել է ոչ թե իրական TechCrunch-ում, այլ TechCrunch-ին նմանակող կեղծ դոմենում՝ tech-crunch.org-ում։