
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՔՊ վարչության նիստում կայացած քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության հաստատմանը` նշելով, որ քաղաքական առումով որոշումը կայացված է:
Ռուբինյանը շեշտել է, որ ՔՊ կուսակցության վարչության կողմից տարբեր պաշտոնների համար թեկնածուներ ընտրելու կամ տարբեր որոշումներ ընդունելու ընթացակարգերը մշտապես նույնն են եղել, հայտնում է Արմենպրեսը:
«Թեկնածուները ելույթներ են ունենում, հնչում են հարցեր, հետո լինում են եզրափակիչ ելույթներ ու քվեարկություն։ Կոնկրետ այս դեպքում բոլոր թեկնածուները ներկայացրել են իրենց տեսլականը, փորձել են ընդգծել իրենց առավելությունները և գրանցվել է հայտնի արդյունքը։ Չեմ կարող ասել՝ դա սպասելի էր, թե ոչ, սակայն արդյունքից շոյված եմ։ Վստահությունը ինձ համար շատ պարտավորեցնող է, բայց չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը։ Ալեն Սիմոնյանը շատ լավ ԱԺ նախագահ է եղել և առաջինն է, ով նախագահել է մինչև ժամկետի ավարտը։ Հայկ Կոնջորյանը եղել է խմբակցության շատ լավ ղեկավար։ Մենք նախորդ հինգ տարիների ընթացքում իրականացրել ենք շատ մեծ և պատասխանատու աշխատանք՝ անցնելով մեծ փորձությունների միջով»,- ասաց Ռուբինյանը։
Նա հավելել է, որ իրենց թիմի մասնակցությամբ և աջակցությամբ է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ուստի իրենք նպատակաուղղված են միասին շարունակել աշխատանքը։
Ռուբինյանը նաև հիշեցրել է, որ ՔՊ վարչության քվեարկությունները փակ և գաղտնի են։
«Ենթադրում եմ, որ գործընկերների մեծ մասը համարել է, որ այս փուլում ճիշտ կլինի, որ ես զբաղեցնեմ այդ պաշտոնը, և դա նորմալ գործընթաց է։ Քաղաքական առումով որոշումը կայացված է»,- ասել է Ռուբինյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկման և փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Նիստից հետո այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։