26 հունիսի 2026 - 11:36 AMT
Պապյան․ Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը

Կառավարությունն հավանություն է տվել մի նախաձեռնության, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը, ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով նախաձեռնությանը, գրել է, որ «պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը»:

«Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում»։ Բայց եկեք տեսնենք ինչ է նախատեսվում իրականում.

  1. Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը (IMEI) և ձեր բոլոր SIM/eSIM քարտերը։ Սա պարզապես հարկային գործիք չէ. սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում։
  2. Եթե ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել ձեր կապը։ Իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները, օրինակ՝ առաջին դասարանցիների գրանցման բազան, որը այս շաբաթ ընդամենը մի 20,000 ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չէր աշխատում։
  3. Նախագծում կա վտանգավոր մի կետ՝ Ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն՝ տվյալները, որոնք հավաքվում են իբր «մաքսանենգության դեմ պայքարի» համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ՝ մեզ անհայտ նպատակներով։
  4. Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբեռհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի (իսկ անխոցելի համակարգեր չկան), յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ։

Իսկ հիմա ամենակարևորը. նախագծի հեղինակները պնդում են, որ սա կօգնի գողությունների դեմ։ Եկեք անկեղծ լինենք. Ձեզնից քանիսի՞ կամ ձեր ընկերների հետ է պատահել այսպիսի դեպք․ գողացել են հեռախոսը, դուք տուփով, IMEI կոդով դիմել եք ոստիկանություն, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չեք ստացել։

Մինչդեռ սիրտս վկայում է՝ եթե խոսքը ցուցարարների կամ քննադատ լրագրողների մասին լինի, հինգ րոպեից IMEI-ով տեղը կհայտնաբերեն ու մասկի֊շոու կանեն»,-գրել է նա:

Եթե նախագիծը հաստատվի, անհատների կամ ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսների ներմուծման դեպքում 2027 թ. հունվարի 1–ից կոդերը կգրանցվեն առցանց և կսահմանվի պետական տուրք։ Բջջային օպերատորը կկասեցնի կամ կդադարեցնի ծառայության մատուցումը, եթե IMAI կոդը գրանցված չլինի։