26 հունիսի 2026 - 16:00 AMT
Վարդան Ղուկասյանի նկատմամբ մեղադրանք է հարուցվել ոստիկանի նկատմամբ բռնության առնչությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված նախաքննության արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վ.Ղ.-ն (Վարդան Ղուկասյանը՝ խմբ․)միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։

Մասնավորապես՝ 2026 թվականի մայիսի 27-ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Վ.Ղ.-ն դատական նիստի ավարտից անմիջապես հետո փորձել է պատասխանել լրագրողների հարցերին և, գիտակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձի՝ ուղեկցող աշխատանքներ իրականացնող ոստիկանի ծառայողական պարտականությունները կատարելու հանգամանքը, նրա օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով հրաժարվել է կատարել ոստիկանի՝ դատական նիստի ավարտից հետո կալանավորված անձանց պահելու համար նախատեսված դատարանի խուց տեղափոխվելու օրինական պահանջը։

Այնուհետև, երբ ոստիկանը փորձել է ուղեկցել Վ.Ղ.-ին, նա բռնություն՝ ֆիզիկական ներգործություն է գործադրել ոստիկանի նկատմամբ՝ միջամտելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։

2026 թվականի հունիսի 25-ին քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազը Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը)։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվել է։