26 հունիսի 2026 - 17:46 AMT
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՍԴ-ի որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Հայաստանում հունիսի 7-ին անցկացված ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը նշել է, որ գործով որոշում կայացնելու համար ՍԴ-ն ունի սահմանափակ ժամանակ, ուստի առաջարկել է նիստ անցկացնել նաև առաջիկա ոչ աշխատանքային օրը՝ հունիսի 27-ին։ Նրա խոսքով՝ այդ նիստի ընթացքից պարզ կդառնա՝ անհրաժեշտ կլինի՞ արդյոք նիստ գումարել նաև կիրակի օրը, հայտնում է 1lurer.am-ը:

Հունիսի 26-ին ՍԴ-ն սկսել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը։

Ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։