
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է: Այդ մասին հայտնել է կուսակցության անդամ Արամ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Մեր օրակարգը հայտարարելու պահից սկսած (7 ամիս առաջ) ամբողջությամբ հրապարակվել են մեր քայլերը՝ բոլոր սցենարների դեպքում՝ թե հաղթանակի, թե պարտության։ Առաջարկը քաղաքացիներին եղել է մաքսիմալ հստակ, ու մենք մինչև վերջին տառի ճշգրտությամբ արել ենք ու անում ենք այն, ինչ ասել ենք։
Այո, մենք չկարողացանք ապահովել մեր հաղթանակի սցենարի իրագործումը։ Պարտվեցինք։ Քաղաքացիների՝ մեզ տված քվեն գնահատական էր թե դրական, թե բացասական իմաստով, որը մենք ընդունել ենք, արել ու անում ենք հետևություններ և պատրաստվում հաջորդ մարտին։
Կարևոր է արձանագրել նաև, որ «Բոլորին դեմ եմ»-ի ստացած 21,000 ձայներն ուղիղ, հստակ ծառայում են այդ ձայները ուզելիս տրված խոստումների իրագործմանը։ Եթե հաղթենք՝ այս ենք անելու, եթե պարտվենք՝ այս։ Ցույց տվեք ինձ, որ գոյություն ունի ուրիշ «ընդդիմադիր» ուժ, ով կարող է նույն հայտարարությունն անել։ Չեք կարող։
Իսկ մնացածը ուղղակի քաղաքական ջղաձգումներ են։ Թե բա՝ սրանից ձայն են գողացել, նրանից են փախցրել, այս մեկի պրոյեկտն են և այլն։ Գիտեմ, որ անսովոր է՝ առանց քաղաքական հովանավորների, առանց փախցնելու ու գողանալու, առանց մարդկանց սուտ ասելու քաղաքական գործունեությունը։ Հասկանում եմ։ Բայց պետք է հարմարվել, մենք դեռ երկար ենք այստեղ մնալու:
Ի դեպ, առիթից օգտվելով՝ նաև հիշեցնեմ, որ մենք խոսք ենք տվել պարտության դեպքում շարունակել մեր քաղաքական գործունեությունը (ոչ որպես «Բոլորին դեմ»)»,- գրել է Քոչարյանը։
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը հիմնադրվել է 2026 թվականի փետրվարի 1-ին։ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կուսակցությունը հավաքել է 1.33% ձայն՝ 21,467 քվե, և չի հաղթահարել Ազգային ժողով անցնելու շեմը։