27 հունիսի 2026 - 10:47 AMT
Իրանի փոխնախագահը ՀՀ-ում է․ Փաշինյանի հետ քննարկել են հաղորդուղիների ապաշրջափակման հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը, կարևորել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ամբողջ տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։

Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի Կառավարության ցուցաբերած դիրքորոշման և մարդասիրական աջակցության համար։

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցության հետևողական զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխգործակցության զարգացումը։

Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերին։

Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

Հայաստանը և Միացյալ Նահանգները հունիսի 4-ին հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։