29 հունիսի 2026 - 11:35 AMT
ANCA-ն միանում է Թուրքիային General Electric F-110 ռեակտիվ շարժիչների վաճառքի դեմ նախաձեռնությանը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը՝ ANCA-ն, միացել է հունա-ամերիկյան կազմակերպություններին և ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական խմբին՝ արգելափակելու ավելի քան 700 միլիոն դոլարի General Electric F-110 կործանիչների շարժիչների վաճառքը Թուրքիային։

Շարժիչները նախատեսված են Թուրքիայի KAAN նոր սերնդի մարտական ինքնաթիռների համար, գրում է «Փաստինֆոն»:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ Էրդողանին զինելը չի նշանակում պաշտպանել դաշնակցին, այլ՝ զինել և խրախուսել հակառակորդին՝ հարձակվելու ԱՄՆ-ի բարեկամների վրա։

ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսին գործարքի մասին պաշտոնապես ծանուցել է 2026 թվականի հունիսի 24-ին, ինչից հետո Կոնգրեսն ունի 15 օր՝ այն արգելափակելու համար։

ANCA-ն կոչ է անում ամերիկահայերին դիմել իրենց ներկայացուցիչներին՝ աջակցելու կոնգրեսական Դինա Տիտուսի նախաձեռնած երկու քայլերին։

Առաջինը համատեղ մերժման բանաձևն է, որով նախատեսվում է ամբողջությամբ արգելափակել F-110 շարժիչների վաճառքը Թուրքիային։ Երկրորդը նամակ է Ներկայացուցիչների պալատի ղեկավարությանը՝ պահանջելով կանխել Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին։

Կոնգրեսականներ Դինա Տիտուսը, Քրիս Պապասը, Ջոշ Գոթհայմերը, Նիքոլ Մալիոտակիսը, Մայք Լոուլերը և Ֆրենկ Փալոնը քննադատել են վարչակազմի քայլերը՝ նշելով, որ Թուրքիային ամերիկյան առաջատար ռազմական տեխնիկա տրամադրելը հակասում է ԱՄՆ օրենքներին և տարածաշրջանային անվտանգային շահերին։

Նախաձեռնության հեղինակները նաև ընդգծել են Թուրքիայի ապակայունացնող գործողությունները տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական արշավներին ցուցաբերած աջակցությունը Հայաստանի դեմ։

Թուրքիան F-35 ծրագրից հեռացվել էր 2019 թվականին՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը ձեռք բերելուց հետո։ ԱՄՆ օրենսդրությունը շարունակում է արգելել F-35-ների փոխանցումը Թուրքիային, քանի դեռ Անկարան պահպանում է այդ համակարգը։