29 հունիսի 2026 - 13:20 AMT
Սուրենավանի մոտ բռնկված մեքենայում 3 այրված դի է հայտնաբերվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, հունիսի 29-ին ժամը 04։37-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել քարին և բռնկվել։

Այրված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 3 քաղաքացու այրված դի, հայտնում է Փրկարար ծառայությունը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 04։50-ին։

Սուրենավան բնակավայրի հարևանությամբ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի այրման հետևանքով երեք մարդու մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին ասել են Քննչական կոմիտեից, հայտնում է Radar Armenia-ն:

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։