
Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն ԱԺ մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցին կանդրադառնա միայն Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո, հայտարարել է քաղուժի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցին անդրադարձ կկատարենք միայն ՍԴ որոշումից հետո»,- ասել է Վարդևանյանը, հայտնում է Panorama.am-ը:
Լրագրողների հետ զրույցում Վարդևանյանը, անդրադառնալով դաշինքի ներկայացուցիչների և քաղաքացիների հանդիպմանը, նշել է, որ մարդկանց մտահոգում են ոչ միայն ընտրությունների շուրջ զարգացումները, այլև երկրի ապագան և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը:
«Քաղաքացիներն ունեն շատ անհանգստություններ, ինչպես մեզնից շատերը, թե ընդհանրապես Հայաստանն ինչ ուղով է ընթանում, ինչ ռիսկեր են հենց այս պահին էլ ծառացած մեր հայրենիք առաջ»,- ասել է նա։
Վարդևանյանի խոսքով՝ կարևոր է, որպեսզի քաղաքացիները չհուսահատվեն և չկորցնեն հավատը։
Նա նաև հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքն այնպիսի խոչընդոտների է բախվել, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա, հայտնում է Sputnik Արմենիան:
https://arm.sputniknews.ru/20260629/uzhegh-hajastann-ajnpisi-khvochyndvotner-e-unecel-vorvonq-azdel-en-yntrutjan-vra-vardevanjan-103959683.html
Պատասխանելով ՍԴ փոխնախագահ, ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանի հարցին, թե վերջին խորհրդարանական ընտրություններում քաղաքական պայքարը հիմնականում ընթացել է միջկուսակցական, գաղափարական և ծրագրային, թե միջանձնային հարթությունում, Վարդևանյանը նշել է, որ իրենց կողմից այն ներկայացվել է ծրագրային տրամաբանության ներքո:
«Ընդգծվել է քաղաքական պատասխանատվություն ստանձնող անձը՝ Սամվել Կարապետյանը, ինչը չեմ կարող ասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասով։ ՔՊ-ի կողմից է ատելության խոսքի իրացումն իրականացվել, դրա վերաբերյալ ունենք իրավական փաստական տվյալը, և այն, ինչ իրացվում է այդ պահին էլ գործադիր իշխանության ղեկավարի լծակներն ունենալու պայմաններում, դրա ազդեցության աստիճանն անհամադրելի է որևէ այլ ուժի կողմից նման բառամթերքի, ծրագրերից նման կերպ շեղվելու իրավիճակի հետ»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ այս ամենը չի համապատասխանել նաև Սահմանադրության 7-րդ հոդվածի պահանջներին, որով երաշխավորվում են ընտրությունների հավասար պայմանները։
Խոսելով իրենց դաշինքի առջև ստեղծված խոչընդոտների մասին՝ Վարդևանյանը մատնանշել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը, ինչպես նաև դաշինքի անդամների և համակիրների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները, որոնք ուղեկցվել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել են 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում սկսվել է և դեռ շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։