
Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությունը։ Նիստի այս փուլում դատավորները հարցեր են ուղղել դատավարության կողմերին։ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին հարցեր է ուղղել երկու տեղամասերի վերաբերյալ, որտեղ ժամը 20։00-ից հետո քվեարկությունը շարունակվել է, և քվեարկել են զինվորներ։
«Ինչո՞ւ ԿԸՀ-ն, որպես վերադաս ընտրական հանձնաժողով, այս երևույթներին արձագանքել է չորս օր անց, այն պայմաններում, երբ ահազանգեր եղել են քվեարկության ավարտից անմիջապես հետո»,- հետաքրքրվել է դատավորը, հայտնում է Factor.am-ը:
Պատասխանելով հարցին՝ Վահագն Հովակիմյանը նշել է, որ մինչև հունիսի 9-ը սահմանված է եղել այն ժամկետը, որի ընթացքում ընտրության մասնակիցները կարող էին տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնել։
«Այսինքն՝ խնդիրների հավաքագրումը և դրանց անդրադառնալը մենք, ըստ էության, պիտի անեինք ամսի 9-ից հետո։ Նաև դա այն ժամանակն է, երբ սկսվում է վերահաշվարկների գործընթացը։ Զուգահեռ բոլոր 38 ընտրատարածքային հանձնաժողովներում ընթանում են վերահաշվարկներ։ Մենք խնդրով սկսել ենք զբաղվել հունիսի 10-ին, որովհետև արդեն ակնհայտ էր, որ մասնակիցների կողմից անվավերության պահանջ չի ներկայացվել, բայց կա հանրային պահանջ։ Այս չորս տեղամասերում տեղի ունեցած խախտումները մեծ հնչեղություն են ստացել, և մեզ անհրաժեշտ էր խորությամբ ուսումնասիրել, գնահատել և թույլ չտալ, որպեսզի այդ խախտումները ստվերեն ընդհանուր ընտրությունների արդյունքները»,- ասել է նա նա։
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում սկսվել է և շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։