
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ֆեյսբուքյան տեսանյութում անդրադարձել է Սահմանադրական դատարանում շարունակվող ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը և «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների այն պնդումներին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն թիրախավորել է իրենց, ինչն ազդել է ընտրության արդյունքի վրա։
Նա նշել է, որ եթե ՀԿԿ-ն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը:
«Խոսքը ընտրակաշառքների բաժանման հայտնաբերման մասին է, որի արդյունքում կա 258 մեղադրյալ տարբեր քրեական գործերով, որոնցից 182-ը «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են։ Ընդ որում՝ նրանց մի մասը դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուներ են։ Սա ասում եմ որպես փաստ, և այս ուժը բողոքում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իրենց թիրախավորել է։
Հարց ուղղեցի՝ արդյո՞ք ճիշտ կլիներ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ընդհանրապես իր հրապարակումներում չնշեր, թե որ կուսակցության օգտին է տրամադրվել ենթադրյալ կաշառքը։
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը ասեց, որ այո՛, այդպես ճիշտ կլիներ։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ասեց՝ այո՛, այդպես ճիշտ կլիներ։ Զարմանալիորեն «Միասնության թևերի» ներկայացուցիչը ասեց, որ այո՛, այդպես ճիշտ կլիներ։ Եվ միայն «Հանուն Հանրապետության» կուսակցությունն էր, որի հստակ պատասխանն այն էր, որ ո՛չ, որովհետև անհասցե հաղորդագրությունը կթիրախավորեր բոլորին»,-ասել է Գալյանը:
Նա հայտարարել է, որ ՔՊ-ն, օրինակ, ընդհանրապես որևէ առնչություն չի ունեցել ընտրակաշառքների հետ. ինչո՞ւ պետք է կրեր անհասցե հաղորդագրությունների պատասխանատվության բեռը։
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում սկսվել է և շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։