30 հունիսի 2026 - 15:21 AMT
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ 2 փուլով

2026-2027 ուսումնական տարում ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելությունն առաջին անգամ կիրականացվի էլեկտրոնային եղանակով՝ առցանց հայտագրման միջոցով, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունից։

Հայտագրումը կիրականացվի երկու քայլով։

Առաջին քայլով անհրաժեշտ է մուտք գործել հարթակ և բացել օգտատիրոջ անձնական էջը։ Գործընթացի մանրամասները ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։

Երկրորդ քայլով այն անձինք, որոնք արդեն նույնականացվել են և ունեն անձնական էջ հարթակում, պետք է սպասեն հայտագրման մեկնարկին՝ ցանկալի դպրոցն ընտրելու համար։ Հայտագրման ընթացակարգը ներկայացված է «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում։

Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու և դպրոցի հետ պայմանագիր կնքելու ամբողջ գործընթացը թվայնացվել է և հնարավոր կլինի իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված անձնական էջի միջոցով։

Հայտագրումը կանցկացվի երկու փուլով։

Առաջին փուլում՝ հուլիսի 20-ի ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 2-ի ժամը 24:00-ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություն ունեցող երեխաների համար։ Արտոնությունները կարտացոլվեն համակարգում։

Արտոնությունից կարող են օգտվել տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաները, տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև բնակության վայր հետիոտնային սպասարկման շառավղում բնակվող հետևյալ խմբերի երեխաները՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի համար անապահովության նպաստ ստանալու սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները, խնամակալության տակ գտնվող երեխաները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ ունեցող երեխաները։

Արտոնությունից կկարողանան օգտվել նաև ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն վեց ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը մինչև հուլիսի 20-ը ԿԳՄՍՆ-ի էլեկտրոնային հասցեին՝ secretariat@escs.am, ուղարկի դիմում և սահմանված կարգով պահանջվող տեղեկանքները։

Նշված արտոնությունները կգործեն ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն ուսուցմամբ դասարանների համար։

Երկրորդ փուլում՝ օգոստոսի 4-ի ժամը 09:00-ից, 10-րդ դասարանի հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար։ Այն կներառի նաև օտարերկրյա քաղաքացիներին, երկքաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և նրանց օրինական ներկայացուցիչներին։ Հայտագրում կկատարվի նաև այն սովորողների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը հասանելի կլինի նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները կցանկանան նրանց հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաների դեպքում նրանցից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում կապահովի մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից։

Օգոստոսի 11-ի ժամը 09:00-ից հայտագրումը կբացվի նաև ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների, ինչպես նաև այն դեպքերի համար, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Հայտագրման անհրաժեշտություն չի լինի այն դպրոցներում, որտեղ ընդունելությունը կիրականացվի սահմանված ներքին ընթացակարգերով։ Դրանց թվում են մասնագիտացված դպրոցները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ենթակայությամբ գործող դպրոցները, հանրակրթական դպրոցների «Արհեստական բանականություն» սերունդ դասարանները, ինչպես նաև միջնակարգ դպրոցներն ու վարժարանները, որտեղ ծնողի դիմումի հիման վրա սովորողները կշարունակեն ուսումը նույն հաստատության կրթության երրորդ աստիճանում։

Հայտագրումը կշարունակվի ամբողջ ուսումնական տարվա ընթացքում։